ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի –Sputnik. «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը «Together we can» չելենջի շրջանակում ակցիա էր կազմակերպել. 15 մարզիկ վազեցին Երևանի 2800–ամյակի այգուց մինչև Ռազմական ոստիկանության շենք։ Նախաձեռնության մասին Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց կազմակերպիչներից մեկը` Վահան Խորխոռունին։
Մարաթոնի մասնակից դարձան տարբեր մարզաձևերում չեմպիոն դարձած մարզիկներ, որոնք բազմիցս ծածանել են հայկական եռագույնը և հաղթանակ գրանցել աշխարհի տարբեր հարթակներում։ Այս ակցիայով նրանք շնորհակալություն են հայտնել Ռազմական ոստիկանության աշխատակիցներին, որոնք այս դժվարին ժամանակներում պատվով են կատարում մեր անվտանգության ապահովումը, զինծառայողների վարակի կանխարգելման գործը և համայնքներում ելումուտի հսկողությունը։
«Մարաթոնի ընթացքում բոլոր մասնակիցները պահպանել են կանոնները` սկսած սոցիալական հեռավորությունը պահելուց, վերջացրած անձնական անվտանգության միջոցներով։ Շատերը զբաղվում են սպորտով և խախտում կանոնները, մենք ցանկացանք մեր օրինակով ցույց տալ, թե Covid-19–ի պայմաններում ինչպես է պետք սպորտով ճիշտ զբաղվել», – նշեց նա։
Ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1808–ի, մահվան ելքերը 29-ն են։
Հայաստանում մինչև մայիսի 14-ը արտակարգ դրություն է հայտարարված։ Սահմանափակվել է երկիր մուտքն ու ելքը, Երևանում և մյուս քաղաքներում ագելվել են հանրային միջոցառումները, փակվել են մի շարք ռեստորաններ, սրճարաններ և խանութներ (բացի պարենայինից)։ Փակ են նաև ուսումնական և մշակութային հաստատությունները։
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հետևում են, որ պարետի հրամանը կատարվի
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։