ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի -Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանն անհասկանալի է համարում այն, թե ինչու է ՄԻՊ-ը հապաղում արձագանքել իր կողմից բարձրաձայնված իրավունքի խախտումներին։ Փաստաբանը Facebook-ի իր էջում մասնավորապես անդրադառնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի այն հայտարարությանը, որով նա դատապարտել է փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամների և մի շարք այլ անձանց նկատմամբ կատարված բռնությունը և ողջունում նման անդրադարձը։
Սակայն նրան զարմացնում է այն փաստը, որ արդեն երեք անգամ ինքը բարձրաձայնել է «իրավական պրակտիկայում ամենակոպտագույն իրավունքի խախտումներից մեկի մասին», սակայն դեռևս պատասխան չի ստացել:
«Մեկ ամսից ավելի բացակայած` ապրիլի 17-ին աշխատանքի վերադարձած և անհապաղ քննության ենթակա միջնորդությունը (մարտի 16-ից ներկայացրած) լսելու փոխարեն, դատավորի` չպլանավորված արձակուրդ մեկնելու վերաբերյալ, դատարանի նախագահի անգործության վերաբերյալ: Ի՞նչն է պատճառը, որ օմբուդսմենը երկրում համաճարակային վիճակի պայմաններում ՀՀ երկրորդ նախագահի իրավունքների, մեղմ ասած, կոպտագույն խախտումների վերաբերյալ հայտարարությամբ հանդես չի գալիս...»,- նշել է պաշտպանը։
Վերջում Վարդևանյանը հիշեցրել է, որ միջազգային փորձում հենց իրավապաշտպան կառույցներն ակտիվորեն պնդում են կորոնավիրուսային վարակի պայմաններում կալանավորումները փոխելու անհրաժեշտության մասին:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին
Հավելենք, որ Սեդա Սաֆարյանը «Մարտի 1»–ի` սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչն է։ Հայաստանյան տարբեր ԶԼՄ-ներ անդրադարձել էին Սաֆարյանի այն հայտարարությանը, թե ապրիլի 24-ին մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել իր դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ Սաֆարյանը կասկածներ էր հայտնել, որ կատարվածը կարող է կապ ունենալ իր մասնագիտական գործունեության հետ։
«Սա զավեշտ չէ, չեմ կարող ասել` ինչ է». Քոչարյանի փաստաբանն իմացել է հաջորդ նիստի օրը
Նշենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, որը մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին դուրս է եկել աշխատանքի և ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը կրկին արձակուրդ ձևակերպել։