Փաստաբանի հարազատներին ծեծի ենթարկելու միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել

Սաֆարյանի հարազատներին բռնության ենթարկելու միջադեպը հետաքննելիս ստուգման առարկա են բոլոր հնարավոր շարժառիթները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik. Երևան քաղաքի Մուշ թաղամասում ապրիլի 24-ի երեկոյան փաստաբան Սեդա Սաֆարյանի հարազատների հետ կապված միջադեպի առթիվ քրեական գործ է հարուցվել։ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից։

Պաշտպանը բողոքում է. ՄԻՊ-ը չի արձագանքում Քոչարյանի իրավունքների խախտումներին

«Նախնական քննության շրջանակներում իրականացվում են անհետաձգելի քննչական, այլ դատավարական և օպերատիվ֊ հետախուզական գործողություններ։ Նշանակվել են անհրաժեշտ փորձաքննություններ, հստակեցված են տուժողների, միջադեպին մասնակից, առերևույթ հանցավոր արարքներ կատարած անձանց հիմնական շրջանակը, միջոցներ են ձեռնարկվում վերջիններից մի քանիսին հայտնաբերելու ուղղությամբ»,- գրել է Աբրահամյանը՝ հավելելով, որ ստուգման առարկա են բոլոր հնարավոր շարժառիթները։

Հիշեցնենք՝ Սեդա Սաֆարյանը «Մարտի 1»–ի` սահմանադրական կարգի տապալման գործով տուժողի ներկայացուցիչն է։ Հայաստանյան տարբեր ԶԼՄ-ներ անդրադարձել էին Սաֆարյանի այն հայտարարությանը, թե ապրիլի 24-ին  մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել իր դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ Սաֆարյանը կասկածներ էր հայտնել, որ կատարվածը կարող է կապ ունենալ իր մասնագիտական գործունեության հետ։

Արտակարգ դրության օրերին Հայաստանում հանցագործությունների թիվն էապես նվազել է

Նշենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը տեղի կունենա մայիսի 8-ին։ Քրեական գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը, որը մարտի 13-ից գտնվում էր արձակուրդում, ապրիլի 17-ին դուրս է եկել աշխատանքի և ապրիլի 20-ից մինչև մայիսի 7-ը կրկին արձակուրդ ձևակերպել։