ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի -Sputnik.Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել արցախցիներին՝ իրեն վստահելու համար։
«Ուզում եմ հավաստիացնել, որ կլինեմ յուրաքանչյուր արցախցու նախագահը և կանեմ առավելագույնը բոլոր ընտրողների ու ողջ հայության հույսերն արդարացնելու համար: Անկասկած, դրան ի զորու ենք լինելու հասնել հավաքական ջանքերով ու պատասխանատվությամբ՝ յուրաքանչյուրն իր կարողությունների չափով: Այնպես որ, ձեզնից յուրաքանչյուրից, որպես հավաքական ներուժի անբաժանելի մասնիկներից, ես ինքս էլ ակնկալիքներ ունեմ՝ պատմության երթում արձանագրելու այնպիսի հաջողություններ, որոնց մասին չենք էլ երազել»,- գրել է Հարությունյանը։
Նա նաև հայցել է այն մարդկանց ներողամտությունը, որոնց հեռախոսազանգերին և նամակներին չի կարողացել պատասխանել։ Նա իր երախտագիտությունն է հայտնել ժողովրդին՝ հավելելով, որ յուրաքանչյուր բարեմաղթանք առանձնահատուկ ջերմություն է իրեն փոխանցել։
Ցեղասպանության ճանաչումը պատասխանատվության զգացում է. Արցախի նախագահ
Հիշեցնենք՝ ապրիլի 14-ին՝ արտակարգ իրավիճակի պայմաններում Արցախում անցկացվեց նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի մասնակցում էին թեկնածուներ Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանն ու Արայիկ Հարությունյանը։ Ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությամբ Արցախի նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը։ Վերջինս «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահն է, նախկինում զբաղեցրել է ԱՀ վարչապետի և պետական նախարարի պաշտոնները։
Արցախի իշխանությունների կողմից բացառվում են միակողմանի զիջումները. Արայիկ Հարությունյան