«Գլորիա» կարի ֆաբրիկայի ճակատագիրը պարետատան ձեռքում է. շուտով որոշում կլինի

Լոռու մարզպետն ընդգծել է՝ սոցիալական ներկա պայմաններում այդ աշխատանքն օրախնդիր անհրաժեշտություն է, բայց մարդկային առողջությունն ու կյանքը բացարձակ արժեքներն են, որոնք չի կարելի վտանգել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի- Sputnik. Մոտ 2600 բնակչի աշխատանքով ապահովող «Գլորիա» կարի ֆաբրիկայի վերագործարկման հարցը մշտապես գտնվել ու այսօր էլ շարունակում է լինել Լոռու մարզպետի ուշադրության կենտրոնում։ Մարզպետը Facebook-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ընկերության աշխատանքների վերսկսման խնդրին։ Նա նշել է, որ այս օրերին բազմաթիվ հարցադրումներ է ստացել ֆաբրիկայի աշխատակիցներից, որոնք մտահոգված են իրենց աշխատանքի վերադառնալու հնարավորությամբ ու ժամկետներով։

Վանաձորում կա՛մ կորոնավիրուսի թվերը կաճեն, կա՛մ աղքատությունը. պատգամավոր

Ղուկասյանը տեղեկացրել է, որ խնդրի առնչությամբ արդեն իսկ դիմել է պարետատանը, որտեղից էլ տեղեկացվել է, որ ընկերության վերագործարկման համար «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ուղարկված դիմումը պարետատունը երեկ է ստացել։

«Հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Պատասխանը ստանալուն պես խոստանում եմ տեղեկացնել բոլորիդ»,- գրել է մարզպետը՝ հավելելով, որ հասկանում է նրանց աշխատանքի վերադառնալու և սեփական քրտինքով վաստակելու պահանջը, բայց և հորդորել է լինել համբերատար և մի փոքր էլ սպասել։ Նա ընդգծել է՝ սոցիալական ներկա պայմաններում այդ աշխատանքն օրախնդիր անհրաժեշտություն է, բայց մարդկային առողջությունն ու կյանքը բացարձակ արժեքներն են, որոնք չի կարելի վտանգել:

Ովքե՞ր կարող են աշխատել արտակարգ դրության ժամանակ. նոր ցանկ

Հիշեցնենք` ապրիլի 21-ին Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի մի քանի տասնյակ աշխատակիցների մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունեցել։ Աշխատակիցները, հիմնականում կանայք, քայլերթ են իրականացրել քաղաքում, հասել են ֆաբրիկայի փակ շենքին և կարողացել ներս մտնել։ Նրանք պահանջում են վերսկսել ֆաբրիկայի աշխատանքը։

Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նպատակով արտակարգ դրություն է գործում։ Սահմանափակված է տնտեսական գործունեությունը։