ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik.ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հաղթանակի փողոցում հոր և որդու ուղղությամբ հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Հայտնել էինք, որ Երևանում կրակել են հոր և որդու վրա, որոնք ի վիճակի չեն այժմ հաղորդում տալու։
«Ապրիլի 25-ին՝ ժամը 01:20-ին, անհայտ քաղաքացին ահազանգել է, որ Երևանի Հաղթանակի 1-ին փողոցից կրակոցների ձայներ են լսվում: Իսկ ժամը 03:00-ին ահազանգ է ստացվել «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից, որ բուժօգնության են դիմել 2 քաղաքացի՝ հայր և որդի։ Նրանցից մեկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում, գլխի գագաթային շրջանի պատռվածք, իսկ մյուսի մոտ՝ աջ ազդրի հրազենային վիրավորում, ազդոսկրի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք` բեկորների տեղաշարժումով ախտորոշմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով, 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասով։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Կաշառք են վերցրել «ընդհանուր բարեհաճ վերաբերմունքի համար». ԱԱԾ–ի բացահայտումը