Արթիկում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

Արթիկ համայնքում կորոնավիրուսով վարակված քաղաքացու ընտանիքի անդամներին մեկուսացնում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Արթիկ համայնքի օպերատիվ շտաբը հայտնում է, որ Արթիկ համայնքում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 1 դեպք։

«Մեր համաքաղաքացու մոտ թեստավորման արդյունքը դրական է եղել։ Օպերատիվ շտաբը միաժամանակ տեղեկացնում է, որ կազմակերպվում են տվյալ անձի ընտանիքի մյուս անդամների մեկուսացումը, ճշտվում շփման շրջանակը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Sputnik Արմենիայի  տեղեկություններով` կորոնավիրուսով վարակված քաղաքացուն տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հանրային կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ այս պահին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում է ստանում 63  քաղաքացի, նրանցից 54-ը Շիրակի մարզի բնակիչներ են:

Գյումրու ԲԿ-ի աշխատակիցների մոտ կորոնավիրուս չի հաստատվել

Նշենք, որ մինչ օրս մարզում հաստատվել է 77 դեպք: Վարակվածներից 10–ը տեղափոխվել են Երևան, 10–ը` ապաքինվել և դուրս են գրվել հիվանդանոցից: Արձանագրվել է մահացության 3 դեպք:

Հավելենք, որ մարզի Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերում տեղաշարժի սահմանափակումները շարունակվում են:

Հիշեցնենք` վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության հաստատված 81 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 1677։ Երեկ Հայաստանում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել` մահացածը 71–ամյա կին է։

Կորոնավիրուսը Հայաստանում. մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 81-ով և դարձել 1677