Խելահեղ սեր. ինչո՞ւ Սևակի կինն անձնագիրը շպրտեց դեսպանի դեմքին

Բանաստեղծ Ռուբեն Սևակը հայկական մտավորականության այն 250 ներկայացուցիչներից էր, որոնց Օսմանյան կայսրության կառավարության որոշմամբ 1915թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալեցին, աքսորեցին սիրիական անապատ ու սպանեցին։
Sputnik

2015 թ․-ի ապրիլի 24-ին Ստամբուլում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված զանգվածային միջոցառումներ անցկացվեցին։ 21-րդ դարում Թուրքիայի ամենամեծ քաղաքներից մեկի բնակիչները հայ լրագրող և գրող Հրանտ Դինքի սպանությունից հետո երկրորդ անգամ փողոցներում իրենց ազգային ինքնությունը չթաքցնող հարյուրավոր հայերի տեսան։ Շիշլի թաղամասում` այն տան մոտակայքում, որտեղ ապրել է Կոմիտասը, հավաքվեցին Ցեղասպանության զոհերի հետնորդները։ Նրանց թվում էր Ռեհան Սալերի Սարեբայը՝ Ցեղասպանության ժամանակ զոհված բանաստեղծ և բժիշկ Ռուբեն Սևակի քրոջ թոռնուհին։ Նա հավաքվածների առաջ ելույթ ունեցավ դողացող ձայնով․

«Ռուբեն Սևակը մանկուց իմ հերոսն է եղել։ Ես աստվածացնում էի նրան, պաշտում էի նրա մասին պատմություններ լսել։ Բայց իմ մեջ հպարտության զգացմունքին զուգահեռ կատաղություն էր փոթորկում՝ ինչո՞ւ նա հրաժարվեց թուրքերի հետ գործարքի գնալ։ Ինչո՞ւ չամուսնացավ թրքուհու հետ և չփրկեց իր կյանքը։ Շատ երկար ժամանակ ես չէի կարողանում հասկանալ ու ներել այդ քայլը։ Նա անուղղելի իդեալիստ էր, և ես հպարտ եմ, որ իմ երակներով նրա արյունն է հոսում․․․»

Ռուբեն Սևակը հայկական մտավորականության այն 250 ներկայացուցիչներից էր, որոնց Օսմանյան կայսրության կառավարության որոշմամբ 1915թ․-ի ապրիլի 24-ին ձերբակալեցին, աքսորեցին սիրիական անապատ ու սպանեցին։ Սևակն ընդամենը 30 տարեկան էր։ Գերմանուհի կինը՝ Յաննին, մենակ մնաց 2 անչափահաս երեխաների՝ Լևոնի ու Շամիրամի հետ։

Խելահեղ սեր. ինչո՞ւ Սևակի կինն անձնագիրը շպրտեց դեսպանի դեմքին

1930 թ․-ին Ամերիկայի Բոստոն քաղաքում, հայկական «Հայրենիք» ամսագրում Հասան անունով մի թուրքի պատմություն հրապարակվեց։ Հասանը եղել էր այն կառքի կառապանը, որով սպանելու էին տարել Ռուբեն Սևակին ու ևս չորս հայի։ Նրանց թվում էր նաև մեկ այլ հայտնի հայ բանաստեղծ՝ Դանիել Վարուժանը։ Հինգ հայերով և երկու ոստիկաններով կառքն ուղևորվել էր Այաշ քաղաք։

Ապրիլի 24-ը հաստատվեց Զարոբյանի ջանքերի ու խորամանկության շնորհիվ. ջրցան սարքեր կիրառվեցին

«Ճանապարհին մեզ կանգնեցրին։ Մեզ թվաց` ավազակներ են հարձակվել, բայց ժանդարմներից մեկը ողջունեց անծանոթին, որի հետևից ևս չորս զինված տղամարդիկ էին գալիս։ Հինգ հայերի ձեռքերը կապված էին։ Ժանդարմները խուզարկեցին նրանց ու հեռացան․․․ ես հեռվից տեսա, թե ինչպես հինգ զինված տղամարդիկ հարձակվեցին կապկպված մարդկանց վրա, մերկացրին նրանց ու կապեցին ծառերին։ Հետո ավազակախմբի պարագլուխն ու նրա մարդիկ մերկացրին դաշույնները և սկսեցին դանդաղ ու անխռով սպանել նրանց։ Դատապարտյալների ճիչերն ու նրանց հուսահատ կատաղությունը կտոր-կտոր էին անում սիրտս»։

Կառապանի խոսքով` Սևակին վերջինն են սպանել, նա տեսել է ընկերոջ` Դանիել Վարուժանի և մյուսների դաժան սպանությունը։ Իսկ դահիճների թվում կար մեկը, որն իր դստեր կյանքի համար պարտական էր Ռուբեն Սևակին։

...1914թ․-ին Սևակը բուժում է մի բարձրաստիճան թուրք պաշտոնյայի դստերը, որը ծանր հիվանդ էր և մահամերձ։ Աղջիկը սիրահարվում է իր փրկչին։ Թուրքը, ցանկանալով շնորհակալություն հայտնել Սևակին, առաջարկում է նրան ամուսնանալ իր դստեր հետ։ Սևակի ազգական Հովհաննես Չիլինգարյանն իր «Ռուբեն Սևակ» գրքում փոխանցում է թուրք պաշտոնյայի խոսքերը․

«Բժիշկ, քո ազգը պիտի մեռնի, ձեզնից ոչ մեկը չի փրկվի։ Բայց եթե դու մահմեդականություն ընդունես և ամուսնանաս աղջկաս հետ, ես քեզ կփրկեմ»։

Սևակը, ապշած նման առաջարկությունից, հայտարարում է, որ ամուսնացած է և երեխաներ ունի։ Ի պատասխան թուրքը քմծիծաղ է տալիս․

Ոչ միայն գրում էր, այլև լուսանկարում. Հովհաննես Թումանյանի ոչ հայտնի հոբբին. լուսանկարներ

«Բան չկա, մեր կրոնում դա արգելք չէ»։

Սևակը հրաժարվում է գործարքից։ Նա քրիստոնեությունը հայկական ազգային ինքնության, իր հայ լինելու անքակտելի մասն էր համարում։ Բացի այդ, նա անչափ շատ էր սիրում իր կնոջը։

Կորսված դրախտ կամ Հայաստանն առանց հայերի. Ցեղասպանության «ժառանգությունը» լուսանկարներում

Գերմանուհի Յաննի Ապալի հետ Ռուբեն Սևակը ծանոթացել էր Շվեյցարիայում՝ Լոզանի համալսարանում բժշկություն սովորելու տարիներին։ Նրանք ամուսնացել էին 1910թ․-ին, և Ապալը դարձել էր Սևակ։ Ամուսինը մի քանի բանաստեղծություն է նվիրել կնոջը, թեև բնույթով ռոմանտիկ չէր։ Նրա բանաստեղծությունների մեծ մասը նվիրված էր հայրենասիրությանը, Հայաստանին, իր ժողովրդի ցավին ու տառապանքներին։ Ահա, օրինակ, ինչ է նա գրում 1913թ․-ին իր ամենաողբերգական պոեմներից մեկում․

Ո՞վ կու լա այսպես խշտյակիս շեմքին.

— Քո՛ւյր, ղարիպն է, բաց:

Կմա՞խք մը կ՚անցնի դուրսեն լալագին.

— Սովն է, դուռըդ բաց:

Տապա՞րն է ջախջախ դրանըս կուրծքին.

— Ջարդն է, դուռըդ բաց:

Այդուհանդերձ, Սևակի բանաստեղծական ժողովածուներում «տեղ է գտնվել» նաև Յաննիի համար։ Բայց նրան նվիրված տողերում էլ մռայլության ստվեր կա․․․

Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի պես,

Ուր խավարներ կը փոթորկին մոլեգին,

Երկու աչերդ` աստվածներու սկիհին պես,

Տուր ինձ անոնց մեջ սրբացնել իմ հոգին.

Ես կ’երթամ մի՜շտ, անծայրածի՜ր

Դամբաններ են ոտքիս հետքե՜ր.

Քեզ սիրո մեղմ սյո՜ւք մը պետք էր,

Դուն փոթորկի՜ն կուրծքդ բացիր…

Սևակի երկյուղն անհիմն չէր։ Յաննին իսկապես ստիպված եղավ «կուրծքը բացել» բանաստեղծին ու նրա ժողովրդին բաժին հասած դաժանագույն փոթորկի առաջ, ստիպված եղավ կիսել նրանց ողբերգական ճակատագիրը։ Եվ դա արեց զարմանալի արժանապատվությամբ։

Ապագա ամուսնու հետ ծանոթանալուց հետո Յաննին սկսել էր հետաքրքրվել հայկական պատմությամբ, հայերեն սովորել։ Սակայն այդպես էլ չսիրեց Պոլիսը։ 1914թ․-ին նա ամուսնուն գրում է․

Խոսում են թուրքերեն, բայց մտածում ու զգում են հայերեն. ադիյամանցի հայ երգչի «ոդիսականը»

«Ռուբեն, դառնանք (Շվեյցարիա) այս շոգենավով, ես շատ չհավնեցա այս երկրին… Սոսկում եկավ վրաս, չե՞ս տեսներ, ոչ մեկուն դեմքը կժպտի»։

1915 թ․-ի ապրիլի 24-ին, ամուսնու աքսորից հետո Յաննի Սևակն անհապաղ գնում է Թուրքիայում Գերմանիայի դեսպանատուն։ Թուրքերը նրան արտաքսելու իրավունք չունեին, քանի որ Յաննին Գերմանիայի հպատակ էր։ Գերմանիայի դեսպանն այսպես է պատասխանում ամուսնուն փրկելու խնդրանքին․

«Դու անարժան գերմանուհի ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել ես այդ հայի հետ և հիմա եկել ես խնդրելու, որ ես նրան փրկեմ։ Նա չպետք է վերադառնա։ Նրանք բոլորը մեռնելու են գնացել»։

Սարսափած նման պատասխանից` Յաննին գերմանական անձնագիրը շպրտում է դեսպանի դեմքին ․

«Ես որդի ունեմ ու կդաստիարակեմ նրան այնպես, որ մի օր նա գերմանացիներից վրեժ լուծի հոր համար»։

Ամուսնու մահվան լուրը ստանալուց հետո Յաննի Սևակը երկու երեխաների հետ մեկնում է Ֆրանսիա։ Նա հրաժարվում է գերմանական քաղաքացիությունից և անգամ դադարում է գերմաներեն խոսել, իր երեխաներին հայկական կրթություն է տալիս։

Յաննին մահանում է Նիցցայում 1967թ․-ի դեկտեմբերի 28-ին։ Կտակի համաձայն` նրան թաղում են հայկական եկեղեցում՝ հայկական կարգով։ Ռուբեն Սևակի ժառանգները, նրա գերմանուհի կնոջ ջանքերի շնորհիվ, պահպանում են իրենց հայկական արմատները։ Դուստրը՝ Շամիրամ Սևակը, մահացել է 2014թ․-ին 102 տարեկան հասակում։ Նա թաղված է մոր կողքին։

Գնել ապագան կամ լաց օրորոցայինից. ինչպես էին Ցեղասպանության տարիներին փրկում հայ որբերին