ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը համոզված է, որ անցյալի իրողությունների հետ առերեսվելու միակ վայրը այդ երկրի խորհրդարանն է։ Ermenihaber–ը հայտնում է, որ Փայլանն իր կարծիքը հայտնել է թուրքական «Evrensel» թերթի հետ զրույցում։
«Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նման թեմայով քննարկումներ պիտի տեղի ունենան 100-րդ տարվա կենսագրությունը բոլորող Թուրքիայի խորհրդարանում։ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում։ Հայ ժողովուրդը և նրա մշակութային արժեքները ոչնչացվել են։ Ավաղ, 105 տարի շարունակ անցյալի հետ առերեսում չի եղել, դեռ մի բան էլ ժխտողական քաղաքականությունն է շարունակվել»,– ասել է պատգամավորը։
Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության համար պատասխանատու երիտթուրք ղեկավարներից Թալեաթի և Էնվերի անուններով դեռ պողոտաներ ու զբոսայգիներ կան։ Թուրքիայում։ Նույն կործանարար քաղաքականությունը, ըստ Փայլանի, այսօր էլ շարունակվում է կիրառվել քուրդ ժողովրդի նկատմամբ։ Ատելության հանցագործություններին վերջ դնելու համար հարկավոր է առերեսվել անցյալի հետ։ Հայ պատգամավորի կարծիքով` եթե դա տեղի չունենա, ապա հանցագործությունների կրկնման ռիսկը ավելի հավանական կդառնա։
Փայլանը նաև հիշեցրել է, որ անցած տարիներին՝ սկսած 2013-ից, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ին, բայց ոչ մի անգամ չի խոսել ցեղասպանության հանցագործների մասին։
«Ցավակցելով հանդերձ` 105 տարի անց էլ ինքն է հալածանքները շարունակում։ Բանտերում չպետք է լինեն քաղաքական գործիչներ, լրագրողներ»,–ասել է նա։
Անդրադառնալով այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը՝ Կարո Փայլանը նշել է, որ այդ ամենը վերքերը չեն ապաքինում։ Նրա խոսքով` անհրաժեշտ է, որ այդ հարցը քննարկվի երկրի օրենսդիր մարմնում. աշխարհասփյուռ հայությունը արդարությունը պիտի կարողանա գտնել հենց Թուրքիայի խորհրդարանում։ «Վաղը ես խորհրդարանին առաջարկելու եմ առերեսվել Հայոց ցեղասպանության հետ և արդարացի անվանում տալ կատարվածին»,–իր խոսքն ամփոփել է Փայլանը։
Հիշեցնենք, որ այսօր լրանում է Ցեղասպանության 105-րդ տարելիցը։ Կորոնավիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով՝ ՀՀ պարետի ու կառավարության որոշմամբ այս տարի Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են: Արգելվել է նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելը: