Ջահելներին խաբելով տարան ու սպանեցին. ինչպես Ջումշուտը լուծեց եղբոր վրեժը

Զորավար Անդրանիկի ջոկատում կռված Արտաշես Տեր–Պետրոսյանի` Ջումշուտի մասին քչերն են լսել։ Sputnik Արմենիան զրուցել է նրա որդու` 90–ամյա Հենրիկ Տեր-Պետրոսյանի հետ, որը պատմել է, թե ինչպես է հայրը թուրքերից վրեժ լուծել եղբոր համար, և ինչու են Արտաշեսին Ջումշուտ կոչել։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik

Ջումշուտի վերքը խորն էր, թուրքերը խաբել–տարել էին եղբորը, ու ընտանիքն այդպես էլ չէր իմացել` ինչ է եղել նրա հետ։ Ջումշուտի որդին՝ 90–ամյա Հենրիկ Տեր-Պետրոսյանը, շատ լավ գիտի 1918 թվականին հոր ընտանիքում տեղի ունեցած ցավալի դեպքերի մանրամասները։

Ջահելներին խաբելով տարան ու սպանեցին. ինչպես Ջումշուտը լուծեց եղբոր վրեժը

«Հորս ընտանիքը Ղարսից տեղափոխվել ու ապրում էր Ալեքսանդրապոլում: Տունը ներկայիս «Պոբեդայի» այգու տարածքում էր: Հորեղբայրս շատ գեղեցիկ տղա էր, 17 տարեկան: Թուրքերը եկան, տատիս ասին. «Բաջի՛, տղայիդ տանենք կազարմեքի ապակիները լվանալ տանք, բերենք: Այսպես եկան, հավաքեցին քաղաքի սիրուն, ջահել տղաներին, տարան։ Այդ տանելն էր։ Մոտ 200 հոգու, այդ թվում` հորեղբորս, այլևս ոչ ոք չտեսավ։ Հորեղբորիցս միայն մի նկար է մնացել»,- Sputnik Արմենիային պատմեց Հենրիկ պապը՝ ցույց տալով պատից կախված նկարը:

Ջահելներին խաբելով տարան ու սպանեցին. ինչպես Ջումշուտը լուծեց եղբոր վրեժը

Ջումշուտը` Արտաշես Տեր–Պետրոսյանը, ծնվել է 1894 թվականին Կարսում: Հարազատ ծննդավայրը ծնողների հետ լքել է 1918 թվականին: Անդրանիկ Օզանյանի կամավորներից մեկը դառնալը նրա համար կորցրած ծննդավայրի ու եղբոր վրեժը լուծելու հնարավորություն էր: Անդրանիկի հետ շատ կռիվների է մասնակցել: Ջումշուտ անունը հենց այդ ժամանակ էլ ստացել է:

«Կռիվներից մեկի ժամանակ մի թուրքի է սպանել, պարզվել է` Ջումշուտ աղայի որդին է: Անդրանիկի ջոկատում մի քանի Արտաշես է եղել, այդ դեպքից հետո մյուս Արտաշեսներից տարբերելու համար հայրիկիս սկսել են Ջումշուտ ասել: Այդ անունն այդպես կպել–մնացել»,- պատմում է որդին:

Ջահելներին խաբելով տարան ու սպանեցին. ինչպես Ջումշուտը լուծեց եղբոր վրեժը

Ջումշուտը միայն Անդրանիկի զորքում կռվելով չի լուծել իր վրեժը. ամեն տարի` ապրիլի 24-ին, Ջարդի ձորում (հենց այդ ձորում են 1915-1918 թթ. դաժանորեն սպանվել Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի շրջանի բնակիչները) անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո վերադառնում էր տուն, թուրք փաշաների նկարը գցում գետնին, ընկերների հետ քայլում դրանց վրայով, մաուզերով օդ կրակում, սիրտը հանգստացնում ու մի թաս գինի խմում` ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի:

Երբ Անդրանիկը մեկնում է Բուլղարիա, Ջումշուտը ծնողներին մենակ չթողնելու համար չի միանում զորավարին: 3-րդ դասարանի կրթություն ունեցող տղամարդը սկսում է նկարներ հավաքել ու հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանների ու հայտնի հայորդիների մասին ձեռագիր գրքեր կազմել: 1966 թվականին փոքրիկ թանգարան է բացում Գյումրիում ու այն նվիրում սիրելի զորավարի՝ Անդրանիկ Օզանյանի հիշատակին:

Փոքրիկ սենյակում հավաքված նկարներն ու տեղեկությունները եզակի են: Թանգարանում նաև շատ հայտնի մարդիկ են եղել, իսկ բանաստեղծ Հովհաննես Շիրազը` մշտական այցելու:

Ջահելներին խաբելով տարան ու սպանեցին. ինչպես Ջումշուտը լուծեց եղբոր վրեժը

Հոր հայրենասիրությունն ու Անդրանիկ Օզանյանի հանդեպ հարգանքը մշտապես հիացրել ու զարմացրել են որդուն: «Միշտ ասում էի՝ թանգարանն անշնորհակալ գործ է, հայրիկ, մի՛ տանջիր քեզ զօրուգիշեր գրքեր կազմելով, ասում էր՝ դու չես հասկանում, - պատմում է Հենրիկ պապն ու արցունքն աչքերին հիշում հոր գրած տողերը,– «Ջումշուտ է անունս, եկա, գնացի, հայրենասեր մարդկանց կարոտ մնացի»»։

Ջումշուտը մահացել է 1977 թվականին՝ 83 տարեկան հասակում:

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործիչները. ովքե՞ր են նրանք