ՀԷՑ-ը խոստանում է չհոսանքազրկել սոցիալապես անապահով բաժանորդներին

ՀԷՑ-ը բաժանորդներին հորդորում է էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների հուսալի ու անխափան աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. Հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ որոշմամբ փետրվար և մարտ ամիսներին ամսական մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառած  սոցիալապես անապահով բաժանորդները չեն հոսանքազրկվի։ Տեղեկությունը հայտնում է ընկերության այսօր տարածած հաղորդագրությունը:

Համավարակի պատճառով հետաձգվել է ԱԷԿ-ի ու Երևանի ՋԷԿ-ի վերանորոգումը. հոսանքը կթանկանա՞

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը այսուհետ ևս պատրաստ է քննարկել յուրաքանչյուր առանձին դեպք և համապատասխան հիմնավորումներ ստանալու դեպքում (չվճարումը համարելով ֆորս մաժորի հետևանք) չդադարեցնել բաժանորդի էլեկտրամատակարարումը»,- ասված է հայտարարության մեջ:

Այդուհանդերձ, ՀԷՑ-ը բաժանորդներին հորդորում է էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների հուսալի ու անխափան աշխատանքը։

Նշենք, որ այսօր նույնաբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ն: Ընկերությունը հայտնում է, որ առաջին հերթին կդադարեցնի այն բաժանորդների գազամատակարարումը, որոնք ավելի քան 30 հազար դրամի գազ են սպառել և վճարում չեն կատարել։

Գործ չկա, փաթեթներից չեն օգտվում. «Լուսավոր Հայաստանն» ահազանգեր է ստացել քաղաքացիներից

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը` նշելով, որ ՀՀ  բոլոր բնակիչ-բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած: Հանձնաժողովն այս հիմնավորմամբ  կոչ էր անում քաղաքացիներին 2 օրվա ընթացքում վճարել կոմունալ ծառայությունների դիմաց կուտակված պարտքը: