Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայաստանի նախագահը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել Մեծ եղեռնի զոհերի հուշակոթողի մոտ:

Նախագահը ծաղիկներ է դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը։

Հիշեցնենք, որ այս տարի կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քաղաքացիները չեն կարողանա այցելել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: 

Այսօր Հայաստանում և Արցախում բնակվող մեր հայրենակիցները կարող են 1915 կարճ համարին ուղարկել sms հաղորդագրություն և երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով տեսնել իրենց անուն-ազգանունները, ապահովելով իրենց խորհրդանշական մասնակցությունը։ Իսկ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են իրենց անուն- ազգանունները ուղարկել 0037433191500 հեռախոսահամարին։ Մեկ հաղորդագրության արժեքը կլինի 1 դրամ։