Արցախում կորոնավիրուսով վարակվածներից մեկն առողջացել ու դուրս է գրվել հիվանդանոցից

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի վարակման ընդամենը 8 դեպք, վարակվածներից չորսն արդեն ապաքինվել են:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik.Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով վարակված ևս մեկ քաղաքացի ապաքինվել և դուրս գրվել է բուժհաստատությունից:

«Խոսքը Միրիկ համայնքի այն բնակչի մասին է, որը բուժումն անցնում էր Հայաստանի Հանրապետությունում»,– նշված է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության մեջ:

Արցախի առողջապահության նախարարությունը շնորհակալություն է հայտնում հայաստանյան գործընկերներին և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին՝ հոգատար վերաբերմունքի և բուժման գործընթացը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել, վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ է, 60–ն անց տղամարդ, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան: Նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից: 

Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման ընդամենը 8 դեպք, վարակվածներից չորսն արդեն ապաքինվել են:

Արցախի պարետն արգելել է քաղաքացիների ելքը հանրապետության տարածքից