Իսրայելի Պետախ Տիկվայում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթող․ լուսանկար

Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը հուշարձանի տեղադրման մասին հայտնել է դեռ անցյալ տարվա հոկտեմբերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Իսրայելական Պետախ Տիկվա քաղաքում տեղադրվել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի և ոգեկոչման հուշակոթող: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

Պատգամավորության տարիներին նա հայ-իսրայելական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահն էր:

«Նույնիսկ կորոնավիրուսն ի զորու չէ սահմանափակել հայոց արդար պահանջը՝ մարդկության դեմ գործված ցեղասպանական հանցանքի դատապարտման համար։Այսօր Իսրայելի Պետախ Տիկվա քաղաքի հայ համայքի նախաձեռնությամբ, քաղաքում տեղադրվել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի և ոգեկոչման հուշակոթող», - գրում է քաղաքական գործիչը:

Իսրայել-Հայաստան միջազգային հասարակական ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը հուշակոթողի տեղադրման մասին հայտնել էր դեռ անցյալ տարվա հոկտեմբերին: Ասուլիսի ժամանակ նա նշել էր, որ հուշակոթողը կկառուցվի Հայաստանում, այնուհետև կտեղափոխվի Իսրայել:

Հիշեցնենք, որ Իսրայելը դեռևս պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսրայելի խորհրդարանում հարցը բազմիցս արծարծվել է, բայց ամեն անգամ բանաձևի ընդունումը հետաձգվել է: