Ի՞նչ է կատարվում Ծիծեռնակաբերդում. յուրօրինակ հարգանքի տուրք` Հայոց ցեղասպանության զոհերին

Այս տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք կմատուցենք յուրահատուկ արարողակարգով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Երևանում ժամը 21։00–ին մարեցին փողոցների լույսերը, և սկսեցին ղողանջել բոլոր եկեղեցիների զանգերը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հայ ժողովուրդն ահա այս յուրօրինակ ձևով է հարգանքի տուրք մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ում տեսանյութ է հրապարակել։

«Լուսավառ ոգեկոչման րոպեն Ծիծեռնակաբերդում»,– գրել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին, առավոտյան 8-ից սկսած`Հայաստանում և Արցախում բնակվողները կարող են 1915 կարճ համարին ուղարկել sms հաղորդագրություն և երեկոյան Ծիծեռնակաբերդի սյուներին լուսապատկերի միջոցով տեսնել իրենց անուն-ազգանունը։ Իսկ սփյուռքի հայրենակիցները կարող են իրենց անուն-ազգանուններն ուղարկել 0037433191500 հեռախոսահամարին։ Մեկ հաղորդագրության արժեքը կլինի 1 դրամ։

Արցախում նույնպես Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանա

Հիշեցնենք, որ վաղը Ծիծեռնակաբերդում 11 ժամ տևողությամբ համերգային ծրագիր է լինելու (մոտ 60 ելույթ, շուրջ 160 մասնակիցներ), որի ընթացքում խստորեն պահպանվելու են անվտանգության կանոնները։ Մասնակիցները միաժամանակ չեն լինելու Ծիծեռնակաբերդում, այլ փոխարինելու են իրար (առավելագույնը 5 անձ՝ բացօթյա միջավայրում)։

Ելույթ են ունենալու սիմֆոնիկ, ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Կամերային երաժշտության ազգային կենտրոնն իր երգչախմբերով ու նվագախմբերով, լարային քառյակներ, ճանաչված օպերային երգիչներ և այլք։

Ամբողջ ծրագիրը լինելու է բազմաժանր՝ սկսած ժողովրդական երաժշտությունից մինչև միջնադարյան երաժշտության ջազային մշակում։

Ապրիլի 24-ին, ժամը 10–ին մեկնարկելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ի այցերը հուշահամալիր։