Ոստիկանությունը կդառնա նախարարություն. կառավարությունը հաստատեց բարեփոխումների ծրագիրը

2021թ-ին Ոստիկանության Պարեկային ծառայությունը կաշխատի նոր տեխնիկական միջոցներով, ավտոմեքենաներով, համազգեստով և նոր համալրված ու կրթված կադրերով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. 2021 թ-ին ՀՀ ոստիկանության ծառայությունը կվերափոխվի նախարարության: Նման փոփոխություն է նախատեսված այսօր ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացած «Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով»:

Ինչպես նախագծի քննարկման ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՆԳՆ–ի ստեղծումը վերջին 2 տարիներին ամենաշատ քննարկված թեմաներից է, հատկապես՝ համակարգը չքաղաքականացնելու ենթատեքստում:

«Մենք գնում ենք այն ճանապարհով, որ նախարարության քաղաքական ու քաղաքացիական հատվածը հստակ կտարանջատվի զինվորական հատվածից, և ՀՀ ոստիկանությունը կլինի հատուկ հարաբերությունների մեջ ՆԳՆ ղեկավարության հետ ու կլինի ՆԳՆ կազմում»,- ասաց Փաշինյանը՝ որպես օրինակ նշելով Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտապի այսօրվա հարաբերությունները:

Մինչ նախարարություն ստեղծելը բարեփոխումների առաջին փուլն ուղղված կլինի Պահակապարեկային ծառայության վերափոխմանը: 

Զինծառայողների ընտանիքները թանկարժեք բուժումներն անվճար կստանան, բայց իրավիճակ է փոխվել

Ծրագրով նախատեսվում է արդեն 2021 թ-ի առաջին եռամսյակում ունենալ ամբողջովին նորացված պարեկային ծառայություն, ընդ որում՝ բարեփոխումները պետք է մեկնարկեին 2020 թ-ի ապրիլից՝ կրթական ու վերապատրաստման ծրագրերով, բայց, ինչպես նկատեց Նիկոլ Փաշինյանը, կորոնավիրուսի պատճառով դրանք անորոշ ժամանակով հետաձգվել են:

«Պարեկային ծառայության ամբողջ ենթակառուցվածքը պետք է լինի ամբողջությամբ նոր` սկսած տեխնիկական միջոցներից, ավտոմեքենաներից, հագուստից: Այսինքն՝ ամեն ինչը պետք է լինի բացարձակապես նոր»,- ասաց վարչապետը:

Պարեկային ծառայության բարեփոխումը կմեկնարկի Երևանից, ապա կտեղափոխվի մարզեր (Երևանին հարակից մարզերից դեպի հեռավոր` ըստ հերթականության):

Նշենք, որ բարեփոխման ծրագրով նախատեսվում է մինչև 2022 թ-ի վերջ ավարտել ոստիկանության համակարգի ամբողջական բարեփոխումները։