ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Հայաստանում պարետի որոշմամբ տնտեսական գործունեության որոշ տեսակներ թույլատրվել է վերսկսել: Տեղեկությունն այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
«Դա պոլիգրաֆիական գործունեությունն է, թունաքիմիկատների և այլ ագրոքիմիական նյութերի արտադրությունն է, քարի սղոցում, մշակում, հարդարում, մետաղի, շինարարական կոնստրուկցիաների արտադրություն, էլեկտրահաղորդալարերի արտադրությունը, մեքենաների- սարքավորումների վերանորոգումը, արդյունաբերական մեքենաների տեղադրումը: Մանրածախ ու մեծածախ առևտրի ոլորտի որոշակի գործունեության տեսակներ են բացվել: Կապի օպերատորների համար որոշակի հնարավորություններ են ստեղծվել, որպեսզի կարողանան որոշ սահմանափակումներով իրենց գրասենյակներն աշխատեցնել»,- ասաց Ավինյանը:
Բացի այդ, նրա խոսքով, ամբողջությամբ բացվել է անշարժ գույքի գործունեության հատվածը, ինչպես նաև սպասարկման ու ծառայությունների որոշ տեսակներ:
Ավինյանը հայտնեց նաև, որ հանվել են միջմարզային պահակակետերը: Փոխարենն ուժերը կենտրոնացվելու են այն համայնքներում, որտեղ հիվանդացության աճ կա:
Կառավարությունն առաջարկում է փոխել արտակարգ դրության մասին օրենքը
«Ինչպես և խոստացել էինք՝ մենք փուլային տարբերակով կամաց-կամաց գնում ենք դեպի բացում»,- ասաց Ավինյանը:
Նա նաև հայտնեց, որ բավական արդյունավետ գործում է տեղորոշման համակարգը, իսկ վիրուսի տարածման տեմպը, նրա խոսքով, վերահսկելի է:
Հիշեցնենք, որ ապրիլի 13–ի կառավարության արտահերթ նիստում պարետ Տիգրան Ավինյանի առաջարկով ՀՀ–ում արտակարգ դրությունը երկարացվեց։ Այն կտևի մինչև մայիսի 14–ը։
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը 27 տարեկան է. նախարարը նոր տվյալներ հայտնեց