«Փուլային տարբերակի մասին նույնիսկ ակնարկ չկա». ՀՀ ԱԳՆ–ն`Ղարաբաղյան հակամարտության մասին

Նաղդալյանը նշել է, որ հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. 2019թ. ապրիլի 15-ին կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի մոսկովյան հանդիպման արդյունքները ձևակերպվել են ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարության մեջ, որն ուրվագծում է բանակցությունների շրջանակը և չի ներառում որևէ հղում կամ նույնիսկ ակնարկ կարգավորման փուլային տարբերակի մասին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսպես է պատասխանել «Կոմերսանտ» թերթի այն հարցին, թե արդյո՞ք 2019թ. ապրիլի 15-ի հանդիպմանը քննարկվել են ինչ-որ փաստաթղթեր, որոնք ենթադրում են ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակ:

«Կարմիր գծեր», որոնք Հայաստանը երբեք չի անցնի. ի՞նչ սպասել արցախյան «ճակատում»

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի ներկայիս դիրքորոշումը` Նաղդալյանը նշել է, որ հայկական կողմերի համար ընդունելի չէ կարգավորման որևէ տարբերակ, որը չի նախատեսում Արցախի ինքնորոշման իրավունքի առանց որևէ սահմանափակման իրականացումը և կարող է վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը։

«Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները: Ավելին,  2018թ.-ից ի վեր Հայաստանը չի վարում բանակցություններ, որոնք հիմնված կլինեն փուլային կարգավորման վրա»,–ասել է Նաղդալյանը:

Նրա խոսքով` Հայաստանն ունի հստակ տեսլական հավասարակշռված, փոխզիջումների և հավասարարժեք հանձնառությունների վրա հիմնված այն մոտեցումների վերաբերյալ, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդար և տևական կարգավորումը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը մեկուկես ժամ տևած տեսակապի միջոցով ապրիլի 21-ին պայմանավորվել են շարունակել բանակցային գործընթացը։

Ահա թե ինչ է մնացել Արցախում խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքից. լուսանկարներ

Մինչ այդ, ապրիլի 21–ի առավոտյան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի իրագործման ամենակարևոր քայլը 2019 թվականի ապրիլին Մոսկվայում ընդունված փաստաթղթի ստորագրումն է: Խոսքն այն փաստաթղթի մասին է, որը 2019 թվականի ապրիլին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ ընդունվեց Մոսկվայում։

Արցախի իշխանությունների կողմից բացառվում են միակողմանի զիջումները. Արայիկ Հարությունյան

Դրան ի պատասխան ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ խաղաղ կարգավորումը հնարավոր է փոխզիջումների միջոցով։ Իսկ զիջումներ չեն եղել ու չեն լինելու։