Կորոնավիրուսը ստիպում է վերանայել բյուջեն. կանխատեսվում է 5%-անոց պակասուրդ

Նոր նախագծում պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ում 5%-ի, և անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման` շուրջ 260 մլրդ դրամի չափով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունը փոփոխություններ է անում «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում: 

Օրենքի նախագիծն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Պետբյուջեի կատարողականն ավելացել է, բայց Անանյանը խորհուրդ է տալիս այլ հարցի շուրջ մտածել

Փոփոխության պատճառը, նրա խոսքով, աշխարհում տարածված նոր կորոնավիրուսի համավարակն է՝ տնտեսական բացասական հետևանքներով:

«Ներքին ու արտաքին բոլոր սահմանափակումները հաշվի առնելով` մենք ընդհանուր ՀՆԱ-ն կանխատեսել ենք, որ կունենա բացասական մեծություն՝ 2%-ի չափով: Սա տարբերվում է ծրագրված և բյուջետավորված տնտեսական զարգացումների հիմքում ընկած աճի ցուցանիշից: Այն 4.9 % էր» ,- ասաց Ջանջուղազյանը:

Այսպիսով, արդեն առկա և կանխատեսվող տնտեսական անկման պայմաններում ֆինանսների նախարարութան հաշվարկով` 2020թ.-ին ՀՀ բյուջեի հարկային եկամուտները կնվազեն շուրջ 169.1 մլրդ դրամով: Մինչդեռ ծախսերի մակարդակը հակառակը` կաճի` ներառելով 150 մլրդ դրամ տնտեսության օժանդակության փաթեթները։

Հարկերի չեղարկում կամ ներում չի լինի, բայց... Անանյանը ոչինչ չի բացառում

Արդյունքում, բյուջեի նոր նախագծում պետական բյուջեի պակասուրդը կաճի՝ հասնելով ՀՆԱ-ում 5%-ի, և անհրաժեշտություն կառաջանա լրացուցիչ ֆինանսավորման` շուրջ 260 մլրդ դրամի չափով։

Լրացուցիչ ֆինանսավորումը, ֆինանսների նախարարի համոզմամբ, հնարավոր է միայն արտաքին պարտքի չափն ավելացնելու հաշվին։

Բյուջեի փոփոխությունների նախագիծը ներկայացնելուց հետո ՀՀ վարչապետ Փաշինյանը հետաքրքրվեց` կառավարության անդամները հարցեր ունե՞ն։ Արձագանքող չեղավ։

Պետությունը հարկ վճարողներին նոր գործիք է առաջարկում. ի՞նչ կտա օրենքի փոփոխությունը

«Ազգային ժողովում հարցեր կունենան»,– կանխատեսեց վարչապետը։

Բյուջեի փոփոխությունների նախագիծն ընդունվեց ու առաջիկայում կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը։