ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսի (COVID-19) համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ 2020թ-ին նախանշված մարդահամարը չի կայանա: Նման որոշում է կայացրել ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում:
Ըստ հիմնավորման՝ մարդահամարի հաշվառումը, բնակչության պետական ռեգիստրի տվյալներից բացի, պետք է իրականացվեր նաև բնակչության 25 տոկոսի անմիջական հարցման եղանակով, ինչը ենթադրում է մարդահամարի աշխատակիցների շփում շուրջ 750 000 մարդու հետ:
Հետևաբար, կառավարությունը նպատակահարմար է համարում մարդահամարի անցկացման ժամկետը մեկ տարով հետաձգել:
Հիշեցնենք՝ 2020թ-ին մարդահամար անցկացնելու մասին որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր 2018թ-ի հոկտեմբերին:
ՀՀ-ում վերջին մարդահամարն անցկացվել է 2011թ-ին, ըստ որի՝ Հայաստանում բնակվում է 3 018 854 մարդ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 2 մլն 998 հազար 600 մարդ, 2017թ.-ին՝ 2 մլն 986 հազար 500, իսկ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ՝ 2 մլն 972 հազար 900 մարդ:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1523. մեկ օրում վարակվել է 50 մարդ