Արդյունաբերության զարգացումն անհնար է. գումարները կծախսվեն կորոնավիրուսի վրա

Կառավարությունը վերաբաշխում է կատարում 2020թ.-ի բյուջեով նախատեսված ծրագրերում: Արդյունաբերության զարգացման գումարները կհատկացվեն մեկուսացվածներին հյուրանոցներում պահելու համար կատարվող ծախսերին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik. Կառավարությունն այսօրվա նիստում 120 մլն դրամ գումար հատկացրեց կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայաստանյան հյուրանոցներում մեկուսացվող մարդկանց կեցությունը, սնունդն ու խնամքն ապահովելու համար:

Կորոնավիրուսը խառնեց պլանները. մարդահամար չի իրականացվի

Գումարները հիմնականում կուղղվեն հյուրանոցային և սննդի սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպություններին։

Այդ նպատակով ՀՀ կառավարությունն այսօր որոշ վերաբաշխումներ կատարեց ՀՀ պետբյուջեում:

Գումարը 2020թ.-ի բյուջեով նախատեսված էր արտահանմանն ուղղված արդյունաբերական միջոցառումների իրականացման համար: Բայց, քանի որ կորոնավիրուսի հետևանքով այսօր այդ միջոցառումների իրականացումն անհնարին է դարձել, գումարները կօգտագործվեն կորոնավիրուսի դեմ պայքարի համար:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1523 է: Առողջացել են 659–ը, այս պահին բուժվում են 840–ը։ Մահվան դեպքերը 24–ն են։

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը 27 տարեկան է. նախարարը նոր տվյալներ հայտնեց