ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի – Sputnik.Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նոր կորոնավիրուսի կասկածանքով թեստավորված ևս մեկ քաղաքացու փորձանմուշի հետազոտության արդյունքը դրական է, ինչը նշանակում է, որ նրա մոտ վարակը հաստատվել է:
Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի` նախարարությունից միաժամանակ տեղեկացնում են, որ վերոնշյալ քաղաքացին Քարվաճառի առաջին վարակակրի շփման շրջանակից էր, որն ապրիլի 11-ից ինքնամեկուսացվել էր, իսկ ապրիլի 17-ից մեկուսացվել էր Հանրապետական բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք` ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել, վարակվածը Միրիկ գյուղի բնակիչ է, 60 տարեկանից բարձր տարիքի տղամարդ, որն ապրիլի 2-ին առավոտյան շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորումում և մեկուսացվել, այնուհետև տեղափոխվել Երևան: Նա մարտի 31-ին Արցախ էր վերադարձել Հայաստանի «վարակի օջախ» համարվող բնակավայրից՝ Արտաշատից:
Արցախում ընդհանուր առմամբ գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 8 դեպք, որից երեքն արդեն ապաքինվել են: