Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի

Օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարությանը փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերը, ռեագետներն ու առաջին անհրաժեշտության պարագաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. ՌԴ-ում գտնվող ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթն իրականացնող «Уральские авиалинии» ընկերության օդանավն արդեն ուղղություն է վերցրել դեպի Երևան։

«Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար։ Երախտագիտություն ենք հայտնում նաև Սանկտ Պետերբուրգի և Չերեպովեցի հայ համայնքի բարերարներին»,-նշված է հաղորդագրության մեջ։


Նշենք, որ օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարության համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերն ու մեր հայրենակիցների՝ հումանիտար օգնության շրջանակում հավաքված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ և այլն)։

Այս չվերթով Հայաստան վերադարձող քաղաքացիները ևս օդանավակայանից անմիջապես կտեղափոխվեն մեկուսացման հատուկ վայրեր՝ կարանտինային ռեժիմում 14 օր անցկացնելու համար:

Դեպի Երևան չվերթ դեռ չի լինի. դեսպանատան խորհրդականը` Դոմոդեդովոյում տիրող իրավիճակի մասին

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 22-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնարկեց Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային չվերթը: Չվերթն իրականացրեց «S7» ավիաընկերությունը: Հայաստան վերադարձավ 203 քաղաքացի։

Ավելի վաղ, Մոսկվա-Երևան ուղղությամբ իրականացված 3 չարտերային չվերթերով ավելի քան 600 քաղաքացի է վերադարձել հայրենիք:

Ապրիլի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով հայրենիք վերադարձան 230 քաղաքացիներ, դրանից առաջ՝ ապրիլի 6-ին և 7-ին կազմակերպված չարտերային չվերթերով 400-ից ավելի քաղաքացի է Հայաստան տեղափոխվել, մինչդեռ՝ հայրենիք վերադառնալու համար դեսպանությունում ցուցակագրվածների թիվը գրեթե 2000 էր։