Ոստիկանությունը փակելու է Ծիծեռնակաբերդի մուտքը. պարետն ասել է՝ ինչ է պետք անել

Ապրիլի 24-ին բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի — Sputnik. Մինչև ապրիլի 25-ի ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով ՀՀ ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը: Facebook-ի իր էջում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հիշեցրել է, որ արտակարգ դրությամբ պայմանավորված՝ այս տարի ապրիլի 24-ին բոլորը պետք է մնան տանը և չայցելեն Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց խորհրդանշական ներկայություն ապահովելու համար քայլեր կան, որոնք պետք է անել:

«Ապրիլի 23-ին՝ ժամը 21:00-ին, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կոչ եմ անում մարել նաև ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը: Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր»,-գրել է Ավինյանը:

Պարետը նշել է, որ ապրիլի 24-ին բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ: Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին:

Հիշեցնենք՝ կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստում ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Կառավարությունն ընդունեց արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։

Երկրում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 1473 դեպք է գրանցվել: Նրանցից 633-ն արդեն առողջացել են, 816–ը բուժվում են։ Մահվան դեպքերը 24–ն են։

Մարեք լույսերը, միացրեք հեռախոսները. ապրիլի 24-ին Եղեռնի զոհերի հուշահամալիրը փակ կլինի