Վճարումները պետք է կատարել 3 օրում. «Գազպրոմ Արմենիան» հայտարարություն է տարածել

Եթե եռօրյա ժամկետում բնակիչները չվճարեն իրենց սպառած գազի դիմաց, ապա գազամատակարարումը կդադարեցվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ Հայաստանի բնակիչները 3 օր ունեն իրենց սպառած գազի դիմաց վճարումները կատարելու համար:

«2020 թվականի փետրվար և մարտ ամիսներին բնակիչ-բաժանորդներին մատակարարված բնական գազի, ինչպես նաև ներտնային համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն 3-օրյա ժամկետում։ Ապրիլի 22-ից հետո 3 օրվա ընթացքում վճարում չկատարած բնակիչ-բաժանորդների գազամատակարարումը սահմանված կարգով կդադարեցվի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը`հայտնելով, որ ՀՀ պարետի հայտարարած սահմանափակումները գործունեության մի շարք տեսակների համար վերացվել են, անգամ բնակչության տեղաշարժի սահմանափակումների պայմաններում անձանց համար հիմնականում ապահովված է համապատասխան վճարումներ կատարելու հնարավորությունը՝ մասնավորապես, առկա են առցանց վճարումների մի շարք համակարգեր, գործող գրեթե յուրաքանչյուր առևտրի օբյեկտում առկա է վճարահաշվարկային տերմինալ, բանկերի շատ մասնաճյուղեր գործում են բնականոն ռեժիմով, յուրաքանչյուր բնակավայրում գործում է գոնե մեկ փոստային բաժանմունք, ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան միջոցառումներով էապես մեղմվել է սոցիալապես անապահով և խոցելի բնակիչներին մատուցված կոմունալ ծառայությունների դիմաց վճարման խնդիրը։

Որոշ բուհեր մայիսին չեն կարողանա դասախոսների աշխատավարձերը վճարել

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ բոլոր բնակիչ- բաժանորդների համար համընդհանուր ճանաչված՝ վերջիններիս կողմից էլեկտրական էներգիայի, բնական գազի և խմելու ջրի (ջրահեռացման ծառայությունների) դիմաց վճարման պարտավորության կատարմանը խոչընդոտող ֆորս մաժորը սույն թվականի ապրիլի 22-ից համարում է վերացած։

Արտերկրում բնակվողը չպետք է զրկվի կենսաթոշակից. ՄԻՊ–ը փոփոխություններ է առաջարկում