ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով մեքենաների համար: Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության համաձայն` մասնավորապես երթևեկությունն արգելված է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում: Պատճառը սաստիկ ձյունն է և օդի ցածր ջերմաստիճանը:
Հիշեցնենք՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակվել էր ապրիլի 2-ին: Դրանից առաջ՝ մարտի 16-ից, նույն ճանապարհահատվածում երթևեկությունը փակ էր եղանակային վատ պայմանների պատճառով: Ճանապարհը մաքրվել և երթևեկելի էր դարձել մարտի 20-ին:
Նշենք, որ միայն Հայաստանից բեռնափոխադրողները տարեկան առնվազն 10 հազար երթուղի են իրականացնում Վերին Լարսով (երկու ուղղությամբ)։ Գործող ճանապարհը գրեթե միակն է Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ապրանքներ մատակարարելու համար։
Լարսի այլընտրանքային մյուս 8 ճանապարհները քաղաքական պատճառներով փակ են։
Միաժամանակ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։
«Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչը մեկուսացվա՞ծ է եղել». վարչապետը հետաքրքրվեց նրա վիճակով