«Համընդհանուր ջանքերով». Մոսկվա-Երևան 4-րդ չարտերային չվերթն արդեն ճանապարհին է

Մի քանի ժամից ՀՀ 203 քաղաքացի Հայաստանում կլինեն: Նրանք օդանավակայանից անմիջապես մեկուսացման հատուկ վայրեր կտեղափոխվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Քիչ առաջ «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնարկեց Մոսկվա-Երևան չորրորդ չարտերային չվերթը: Ռուսաստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝  չվերթն իրականացնում է «S7» ավիաընկերությունը: Մոտ 3 ժամից օդանավը վայրէջք կկատարի Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:

Այս չվերթով Հայաստան են վերադառնում 203 քաղաքացի։

«Դոմոդեդովո» օդանավակայանում մարդկանց կթեստավորեն

«Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։ Խորին երախտագիտություն ենք հայտնում «Տաշիր» բարեգործական հիմնադրամին նշյալ չվերթով վերադարձող քաղաքացիներին ավիատոմսերով ապահովելու համար»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:

Նշենք, որ օդանավով Հայաստան են տեղափոխվում նաև ռուսական կողմից ՀՀ Առողջապահության նախարարության համար փոխանցված կորոնավիրուսի ախտորոշման թեստերն  ու մեր հայրենակիցների կողմից հումանիտար օգնության շրջանակներում հավաքագրված առաջին անհրաժեշտության պարագաները (դիմակներ, ձեռնոցներ, ախտահանիչ լուծույթներ և այլն)։

Այս չվերթով Հայաստան վերադարձող քաղաքացիները ևս օդանավակայանից անմիջապես կտեղափոխվեն մեկուսացման հատուկ վայրեր՝ կարանտինային ռեժիմում 14 օր անցկացնելու համար:

«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիներն առաջիկա օրերին կվերադառնան հայրենիք․ փոխնախարար

Ավելի վաղ Մոսկվա-Երևան ուղղությամբ իրականացված 3 չարտերային չվերթերով ավելի քան 600 քաղաքացի է վերադարձել հայրենիք: Ապրիլի 12-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան երրորդ չարտերային չվերթով հայրենիք վերադարձան 230 քաղաքացի, ավելի վաղ՝ ապրիլի 6- ին և 7-ին կազմակերպված չարտերային չվերթերով 400-ից ավելի քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։ Հայրենիք վերադառնալու համար դեսպանությունում ցուցակագրվածների թիվը, սակայն, գրեթե 2000 էր։