ՌԱԴԻՈ

Մշտադիտարկման դադարեցումը հայ-ադրբեջանական սահմանին նոր ռիսկեր է ծնել

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է նախօրեին կայացած Մնացականյան–Մամեդյարով– Մինսկի խմբի համանախագահներ– ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ ձևաչափով առցանց բանակցություններին։
Sputnik
Մշտադիտարկման դադարեցումը հայ-ադրբեջանական սահմանին նոր ռիսկեր է ծնել

Քաղաքագետ Նարեկ Մինասյանի փոխանցմամբ` հեռակա բանակցությունների գլխավոր թեման առնչվում էր հրադադարի պահպանմանն ու ռիսկերի նվազեցմանը, և ինչպես երևում է բանակցություններից հետո արված հայտարարության տեքստից, մասնավորապես կարևորվել ու ակտիվ քննարկման առարկա է դարձել հրադադարի պահպանման խնդիրը, ինչի մասին նախապես հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահներն ու ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը, սակայն Ադրբեջանի կողմից այդ կոչերն անտեսվել էին։ 

Արցախի իշխանությունների կողմից բացառվում են միակողմանի զիջումները. Արայիկ Հարությունյան

«Հիշենք, որ Տավուշի մարզի հետ պետական սահմանին մարտ ամսվա ընթացքում գրանցվել էր բավական լուրջ լարվածություն, արդյունքում եղան նաև վիրավորներ։ Բացի դրանից, երեկ Արցախում անօդաչու ադրբեջանական թռչող սարք է խոցվել։ Բնական է, որ ադրբեջանական կողմի սադրանքները լուրջ քննարկման առարկա են դարձել վերոհիշյալ բանակցությունների ընթացքում։ Կարևոր է, որ համանախագահներն իրենց հայտարարության մեջ, ըստ էության, ընդգծում են հրադադարը պահպանելու և սադրիչ քայլերի չդիմելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորում են շփման գծում և սահմաններին մոնիթորինգի շուտափույթ վերականգնումը։ Այն հանգամանքը, որ ԵԱՀԿ դիտորդների կողմից մշտադիտարկում նախկինի պես չի իրականացվում, ստեղծել է նոր ռիսկեր»,– նշում է քաղաքագետը։

Անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տեսակետին, ըստ որի` բանակցությունների սեղանին այժմ դրված է փաստաթուղթ, որը ենթադրում է ղարաբաղյան կոնֆլիկտի փուլային կարգավորում, Նարեկ Մինասյանը նշում է, որ հայտարարություններն ուշադիր դիտարկելու դեպքում ունենում ենք մի իրավիճակ, ըստ որի` 2019թ.–ին համանախագահների կողմից կողմերին ներկայացվել է առաջարկ, որը տեղավորվում է հենց փուլային կարգավորման տրամաբանության շրջանակներում։

Արցախի օդային տարածք ներթափանցած ադրբեջանական անօդաչուն խոցվել է

«Ընդ որում` նման տրամաբանությամբ փաստաթղթեր համանախագահների կողմից ներկայացվել են 2014թ.–ից ի վեր։ Տարբեր տարիներին, տարբեր մոդիֆիկացիաներով նման առաջարկներ են ներկայացվել։ 2019թ.–ին Մոսկվայում կողմերին առաջարկվել է նույն տրամաբանությամբ առաջարկ, սակայն հայկական կողմը մերժել է, ինչը կարևոր արձանագրում է, և այդ մասին հայտարարել է նաև ՀՀ արտգործնախարարը` նշելով, որ մեզ համար չի կարող լինել այնպիսի զիջում, որը կասկածի տակ կդնի Արցախի ժողովրդի անվտանգությունը և կարգավիճակը։ Հայկական կողմն, ըստ էության, հստակեցրել է իր դիրքորոշումը, որն առնչվում է նաև Բրատիսլավայում կայացած հանդիպման հայտարարությանը»,– ասում է քաղաքագետը։

Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավարտվել է. ինչի մասին են պայմանավորվել կողմերը

Մինասյանը վկայակոչում է ՀՀ արտգործնախարարի այն տեսակետը, ըստ որի` զիջումներ չեն կարող լինել, և հակամարտությունը հնարավոր է լուծել միայն համաչափ փոխզիջումների միջոցով, իսկ փուլային առաջարկը չի ենթադրում այդ տարբերակը ո՛չ զիջումների, ո՛չ էլ կողմերի ստանձնելիք պարտավորությունների մասով։ Հայկական կողմն, իր իսկ հայտարարությունների համաձայն, բանակցությունների գնում է հիմնական տարրերը քննարկելու համար, և եթե կողմերից մեկը մերժել է ներկայացված առաջարկը, բնականաբար, այն չի կարող լինել հիմք բանակցությունների համար։ 

Մնացականյանը մեկնաբանել է Լավրովի` Արցախի մասին հայտարարությունը

Քաղաքագետի կարծիքով` տեսանելի ապագայում բանակցություններին արցախյան կողմի լիարժեք մասնակցության առումով ադրբեջանական կողմի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն չի լինի, որովհետև Ադրբեջանի մատուցմամբ` սա տարածքային խնդիր է Հայաստանի և Ադրբեջանի միջև, որ Հայաստանն, իբր, օկուպանտ է և օկուպացրել է այսպես կոչված ադրբեջանական տարածքները, հետևաբար, պաշտոնական Բաքուն կշարունակի կառչած մնալ այդ դիրքորոշումից և շատ դժվարությամբ կգնա որևէ փոփոխության։

Չնայած այդ հանգամանքին, Հայաստանն, ըստ Մինասյանի, պետք է հետևողականորեն առաջ տանի արցախյան կողմի լիարժեք մասնակցության գիծը, առավել ևս, որ Արցախի ժողովուրդը լեգիտիմ, ժողովրդավարական ընտրությունների միջոցով այդ մանդատը հանձնել է Արցախի Հանրապետության նորընտիր իշխանություններին, ընդ որում` վերջիններս, ըստ քաղաքագետի, պետք է մասնակցեն ոչ թե խաղաղ գործընթացին, ինչպես հայտարարվում էր նախապես, այլ հենց բուն բանակցություններին։  

Զոհրաբ Մնացականյանը խոսել է Արցախում կայացած ընտրությունների արդյունքների մասին