Կորոնավիրուսը միավորել է իշխանական ու ընդդիմադիր խմբակցություններին. կհանդիպեն 3 ժամից

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված նախագծերն Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեցին միաձայն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի ու «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած երկու օրենսդրական առաջարկները՝ ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին: Երկու որոշումներն էլ ընդունվեցին միաձայն՝ 111 կողմ ձայներով:

Կորոնավիրուսի շրջանում ներդրումներ անող գործարարները հնարավոր է` արտոնություն ստանան

Նախագծերի երկրորդ ու վերջնական ընթերցմամբ քննարկումը տեղի կունենա 3 ժամ անց: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այդ ընթացքում պատգամավորները կարող են իրենց առաջարկները ներկայացնել նախագծերի վերաբերյալ: Իսկ 3 ժամ անց խորհրդարանը կշարունակի արտահերթ նիստը:

«Մոտավորապես հիմա ժամը 2-ն է, 3 ժամ անց կլինի մոտավորապես ժամը 5 անց կեսը» ,- ասաց Միրզոյանը:

Հիշեցնենք՝ նախագծերի հրատապությունից ելնելով՝ դրանց հեղինակները ԱԺ ղեկավարությանն առաջարկել են ԱԺ արտահերթ նիստ գումարել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն իր ներկայացրած նախագծով առաջարկում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի ընթացքում իրենց հարկային պարտավորությունները չկատարած գործարարների նկատմամբ տույժ-տուգանքների չափերը կրկնակի նվազեցնել՝ 0.075%- ից իջեցնելով 0.04%-ի:

Կորոնավիրուսի պատճառով հարկերը չվճարած գործարարների տույժ-տուգանքները կնվազեցվեն

Բացի այդ, առաջարկվում նաև տնտեսվարողի գույքի վրա արգելանք կիրառել ոչ թե 500 000, այլ 1 500 000 դրամի չկատարված հարկային պարտավորության դեպքում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ իր օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկում է արտոնություն սահմանել կորոնավիրուսի շրջանում՝ 2020թ-ի ընթացքում Հայաստանում ներդրումներ անող գործարարների համար՝ նրանց հնարավորություն տալով ներդրումների ծախսերը հարկերից հանել ոչ թե տարիներ անց, ինչպես նախատեսված է գործող օրենսգրքով, այլ հենց այս տարվա ընթացքում: 

Նշենք, որ երկու նախագծերի վերջնական ընդունման համար սահմանվել է 24-ժամյա ռեժիմ: Բաբկեն Թունյանը, սակայն, հայտարարեց, որ որոշ փոփոխություններ անելու համար առաջարկում է հետաձգել իր հեղինակած օրինագծի քննարկումը շուրջ 10 օրով:

Հայաստանի տնտեսության 1,7% անկում. Եվրասիական զարգացման բանկի կանխատեսումը