ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի –Sputnik, Աշոտ Սաֆարյան.Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի՝ տեսակապի ձևաչափով անցկացրած բանակցությունները և որոշ «ֆոնային» իրադարձություններ ակնհայտ աշխուժություն մտցրին հայկական ԶԼՄ–ների «կորոնավիրուսային» լրահոսում և սոցցանցերի հայկական տիրույթում։
Սկզբում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ բանակցությունների սեղանին է դրված մի փաստաթուղթ, որը ենթադրում է կարգավորման փուլային լուծում, այնուհետև լուրն այն մասին, որ հակամարտության գոտում ադրբեջանական անօդաչու է խոցված, անորոշության և լարվածության որոշակի տարրեր մտցրին երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների առցանց բանակցություններում։
Հատկանշական է, որ բոլոր այս ամիսներին հայկական կողմը պնդում էր, որ բանակցությունների սեղանին որևէ փաստաթուղթ չի քննարկվում։ Սակայն Լավրովի խոսքերը հակառակն են վկայում։
Մեկնաբանելով առաջին հայացքից այս հակասությունը, քաղաքագետ Նարեկ Գալստյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ենթադրեց, որ Ռուսաստանը դրանով ցանկանում է բանակցային գործընթացին որոշակի «ռեսթարթ» տալ։ Թե ինչ «ռեսթարթ» է դա, դեռ դժվար է ասել։ Փորձագետի կարծիքով` առաջիկա ամիսներին բանակցային գործընթացում ավելի կոնկրետ մոտեցումների և մեխանիզմների գործարկում կարելի է սպասել։
Մնացականյանը մեկնաբանել է Լավրովի` Արցախի մասին հայտարարությունը
Միևնույն ժամանակ, ըստ Գալստյանի, պաշտոնական Երևանը նշել է այն «կարմիր գծերը», որոնք նա երբեք չի անցնի։ Հենց այսպես է պետք ընկալել Մնացականյանի խոսքերն այն մասին, որ փուլային լուծման մոտեցումներ եղել են 2014, 2016 թվականներին, սակայն դրանք անընդունելի էին հայկական կողմերի համար։ 2018 թվականից բանակցությունները սահմանափակվել են առանձին տարրերի գնահատականների և կողմերի մոտեցումների քննարկմամբ։
«Մնացականյանը կրկնեց այն, ինչի մասին ժամանակ առ ժամանակ խոսվել է վերջին 2 տարվա ընթացքում։ Մասնավորապես այն, որ հայկական կողմը երբեք միակողմանի զիջումների չի գնա, որ առանց բանակցություններին Արցախի անմիջական մասնակցության լուրջ արդյունքներ ակնկալել պետք չէ և այլն», – հիշեցրեց Գալստյանը։
Նա կարծում է, որ բանակցային գործընթացը (համենայնդեպս` վերջին 10–ից ավելի տարիների ընթացքում) երբեք Հայաստանի համար ցանկալի սցենարով չի ընթացել։ Մադրիդյան սկզբունքների «ներկայացման» պահից ի վեր՝ բանակցությունների տրամաբանությունը վերջին հաշվով Հայաստանին ձեռնտու չէր:
«Սակայն հարցն այն է, թե ինչպես ենք մենք ընկալում այդ սկզբունքները՝ որպես վերջնական պայմանավորվածությո՞ւն, թե՞ որպես հարցեր, որոնք հնարավոր է քննարկել։ Ակնհայտ է, որ մադրիդյան փաստաթղթում զետեղված կետերի հերթականությունը և դրանց իրագործման կարգը դեռ քննարկման կարիք ունեն։ Կարծում եմ, որ բանակցություններն ընթանում են հենց դրանց շուրջ», – ասում է Գալստյանը։
Նա հիշեցրեց, որ դեռևս 90-ականների վերջին էր հակամարտության կողմերին առաջարկվում փաթեթային կարգավորման ինքնատիպ փուլային իրականացում։ Առաջին հայացքից այս արտահայտությունը կարծես օքսյումորոն լինի։ Սակայն այն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է նկատել, որ որևէ հակասություն այստեղ չկա։ Նման սխեմայի էությունն այն է, որ լուծման սկզբունքները դիտարկվում են որպես մեկ ամբողջականություն, սակայն դրանց կյանքի կոչման որոշակի ալգորիթմով և հերթականությամբ։ Քանի որ Լավրովի հայտարարության մեջ բազմաթիվ փակագծեր են մնում, փորձագետը հնարավոր է համարում, որ ՌԴ նախարարը կարող էր ակնարկել այս տարբերակը։ Ամեն դեպքում Գալստյանը համոզված է, որ բանակցությունների մի շարք դետալներ և հանգամանքներ դեռ պարզաբանման կարիք ունեն։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ապրիլի 21-ի առցանց հանդիպման ընթացքում (որը տևեց ավելի քան 1.5 ժամ) քննարկեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում հետագա քայլերն ու պայմանավորվեցին առաջիկայում շարունակել բանակցությունները։
Արցախի օդային տարածք ներթափանցած ադրբեջանական անօդաչուն խոցվել է