ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik․ Եվրասիական զարգացման բանկն այս տարի ՀՀ տնտեսության 1,7% նվազում է կանխատեսում։ Այդպիսի տվյալներ են հրապարակվել «ԵԱԶԲ մակրովերլուծություն․թարմացված կանխատեսում» նյութում, որը պատրաստել է բանկի վերլուծական բաժնի տնօրինությունը:
«Այժմ մենք Հայաստանի և Տաջիկստանի տնտեսությունների աճի տեմպերի էական նվազում ենք կանխատեսում՝ նախկինում սպասվող ցուցանիշների համեմատ։ Այնուամենայնիվ, այս երկրներում բանկի անդամ մյուս երկրների մեծամասնության համեմատ անկումն ընթացիկ տարում ավելի զուսպ կլինի: Սա նաև կապված է Հայաստանում և Տաջիկստանում աճի մեծ ներուժի հետ»,-վերլուծության մեջ ասում է Եվրասիական զարգացման բանկի տնտեսական վերլուծության բաժնի պետ Ալեքսեյ Կուզնեցովը։
Նա նշել է, որ առանց հաշվի առնելու տնտեսության մեջ ստեղծված իրավիճակը, առանց այս պահին առկա ցնցումների, Հայաստանում և Տաջիկստանում 2020 թվականի ՀՆԱ-ի աճի տեմպերը գնահատվել են 6-7%, ինչը զգալիորեն բարձր է տարածաշրջանի միջին ցուցանիշից: 2021 թ․-ին Հայաստանն ու Տաջիկստանը կշարունակեն մնալ տնտեսության աճի առաջատարների շարքում։
Ընդհանուր առմամբ, ըստ ԵԱԶԲ կանխատեսումների, արդեն 2021թ․-ին ՀՀ տնտեսական աճը կկազմի 7,4%, իսկ 2022-ին՝ 7,2%.
Ինչպես կարծում են ԵԱԶԲ-ում, տնտեսական ակտիվությունը Հայաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Ռուսաստանում և Տաջիկստանում կսկսի վերականգնվել այս տարվա երկրորդ կեսին:
«Եվրասիական զարգացման բանկը գտնում է, որ տարածաշրջանի տնտեսություններին աջակցություն կցուցաբերեն հարկային-բյուջետային և դրամավարկային քաղաքականության ոլորտում իշխանությունների ձեռնարկած լայնածավալ միջոցառումները: Դրանց իրականացումը թույլ կտա հարթել COVID-19-ի համաճարակի տնտեսական և սոցիալական բացասական հետևանքները և, համաճարակաբանական իրադրության բարելավմանը զուգընթաց, պայմաններ ստեղծել տնտեսական ակտիվության կարգավորման համար»,-նշել են ԵԱԶԲ-ում։
Կորոնավիրուսի պատճառով հարկերը չվճարած գործարարների տույժ-տուգանքները կնվազեցվեն
Բանկը հիշեցրել է, որ ԵԱԶԲ-ի մասնակից երկրների գործունեության պայմանները զգալիորեն փոխվել են 2020 թ․-ի մարտի վերջին – ապրիլի սկզբին: Համաշխարհային շուկայում բացասական միտումների հետ միասին նմանատիպ միտումներ են նկատվում նաև տարածաշրջանում։
ԵԱԶԲ վերլուծաբանները բանկի անդամ երկրների տնտեսությունների վրա COVID-19-ի համավարակի ազդեցության երկու ալիք են առանձնացնում։
Առաջինը կապված է արտաքին տնտեսական իրադրության բարդացման հետ և դրսևորվում է տարածաշրջանի պետությունների արտահանման պահանջարկի նվազմամբ, դեպի արտասահման հումքային ապրանքների մատակարարումներից ստացված եկամուտների կրճատմամբ՝ դրանց գների անկման հետևանքով ավելացված արժեքի գլոբալ շղթաների խախտմամբ, դրամական փոխանցումների ծավալների նվազմամբ, բիզնեսի տրամադրությունների վատթարացմամբ, ինչպես նաև ֆինանսական պայմանների խստացմամբ։
Ըստ ԵԱԶԲ-ի փորձագետների գնահատականի՝ արտաքին գործոնների ազդեցության հետևանքով 2020թ․-ին բանկի մասնակից երկրների ՀՆԱ-ի կորուստները կարող են կազմել շուրջ 2%։
Երկրորդ ալիքը կապված է ներքին սահմանափակող գործոնների հետ, որոնց ազդեցությունն արտահայտվում է տնտեսության շատ հատվածների, առաջին հերթին ՝ ծառայությունների ոլորտի արտադրական ցուցանիշների նվազմամբ ։ ԵԱԶԲ-ի անդամ երկրների տարեկան ՀՆԱ-ն ինքնամեկուսացման ամսվանից գնահատվում է 1,5-2%:
Աշխատակիցների անվտանգությունն ապահովված է.«Արմենալ»-ը շարունակում է արտադրանք թողարկել
Ինչպես նշում են ԵԱԶԲ-ում, առաջին եռամսյակում ազգային արժույթների թուլացումը ճնշում կգործադրի ներմուծվող ապրանքների արժեքի վրա, դա առանցքային գործոն կդառնա տարածաշրջանի երկրների մեծ մասում գնաճի արագացման համար։
Բանկի փորձագետները նշում են, որ աշխարհում և ԵԱԶԲ-ի մասնակից երկրներում տնտեսության զարգացման հեռանկարի անորոշությունը բարձր է:
Երկրների կանխատեսումները մեծապես կախված են կորոնավիրուսի համավարակի ընթացքից։ Պահպանվում է նաև համաշխարհային տնտեսության մեջ բացասական միտումների խորացման հավանականությունը, ինչը կարող է ԵԱԶԲ-ի անդամ երկրներից առանցքային արտահանվող ապրանքների գների անկման պատճառ դառնալ: