ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Այս տարի ԱրցախումՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու: Տեղեկությունը հայտնում է Արցախի պարետատունը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին հրամանագիր է ստորագրել, որով Արցախի ողջ տարածքում արտակարգ իրավիճակ հայտարարվել։ Ապրիլի 13-ից հանրապետությունում սահմանվել են հանրային (զանգվածային) միջոցառումներ իրականացնելու սահմանափակումներ, որոնց շրջանակներում արգելվել են 20 և ավելի անձանց մասնակցությամբ անցկացվող հիշատակի միջոցառումները:
«Հաշվի առնելով սահմանափակումները` այս տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան նվիրված ամենամյա երթը չի կայանալու: Սույն հայտարարությամբ հորդորում ենք մեր համերկրացիներին՝ առաջնորդվել արտակարգ իրավիճակի ռեժիմը կանոնակարգող իրավական ակտերով և զերծ մնալ ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող խմբերով գնալու մտադրությունից»,– նշված է պարետատան հայտարարության մեջ:
Ժամանակավոր սահմանափակումները նպատակ ունեն կանխելու վարակի հնարավոր տարածումը և նվազագույնին հասցնելու մեր քաղաքացիների առողջությունը վտանգող հնարավոր ռիսկերը: Պարետատունը բոլորին առողջություն է մաղթում:
Հիշեցնենք` երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ ապրիլի 24-ին փակ կլինի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մուտքը։