ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց. Մելքումյանի նախագիծն ընդունվեց, Թունյանինը հետաձգվեց

Միքայել Մելքումյանի` կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նախագիծը միաձայն ընդունվեց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը՝ ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին:

Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 107 կողմ ձայնով:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը հեղինակի նախաձեռնությամբ երկրորդ ընթերցմամբ կքննարկվի ու քվեարկության կդրվի օրեր անց, քանի որ, Թունյանի խոսքով, դրանում որոշ լրացումներ կատարելու կարիք կա:

Վանաձորում կա՛մ կորոնավիրուսի թվերը կաճեն, կա՛մ աղքատությունը. պատգամավոր

Հիշեցնենք` ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ էր գումարել Հարկային օրենսգրքում փոփոխությունների երկու հրատապ օրինագծերի քննարկման նպատակով: Երկու նախագծերն էլ, հեղինակների պնդմամբ, ուղղված են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմմանը:

Մելքումյանի նախագծով առաջարկվում է կորոնավիրուսի հետևանքով առաջացած ճգնաժամի ընթացքում իրենց հարկային պարտավորությունները չկատարած գործարարների նկատմամբ տույժ-տուգանքների չափերը կրկնակի նվազեցնել՝ 0.075%- ից իջեցնելով 0.04%-ի: Բացի այդ, առաջարկվում նաև տնտեսվարողի գույքի վրա արգելանք կիրառել ոչ թե 500 000, այլ 1 500 000 դրամի չկատարված հարկային պարտավորության դեպքում:

Թունյանն էլ առաջարկում է հարկային արտոնություն սահմանել կորոնավիրուսի շրջանում՝ 2020թ-ի ընթացքում Հայաստանում ներդրումներ անող գործարարների համար՝ նրանց հնարավորություն տալով ներդրումների ծախսերը հարկերից հանել ոչ թե տարիներ անց, ինչպես նախատեսված է գործող օրենսգրքով, այլ այս տարվա ընթացքում:

Ինչպես խուսափել կոլապսից. Մարուքյանի խմբակցությունը բնակչությանն օգնելու իր նախագիծն ունի