ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ապրիլի 21-ին՝ ժամը 18:27-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով հրդեհ է բռնկվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 32-ամյա Դավիթ Դ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչի հետևանքով մեքենայում հրդեհ է բռնկվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ուղևորներ՝ 16-ամյա Նենսի Պ.-ն, 16-ամյա Ամալյա Մ.-ն և 29-ամյա Արթուր Կ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի ԲԿ»:
Նշվում է, որ հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 18:38-ին, մարել՝ 18:39-ին: Մասամբ այրվել է շարժիչի հատվածը: