«Վանաձոր» ՔԿՀ-ի 20 կալանավորներ հացադուլ են հայտարարել

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն ահազանգում են Քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի մասին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. «Վանաձոր» ՔԿՀ-ի 20 կալանավորներ հացադուլ են հայտարարել: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Գևորգ Պետրոսյանը՝ հայտնելով, որ ՔԿՀ-ից նման ահազանգ են ստացել:

Դատապարտյալին տարել են այլ խուց` քրեական ենթամշակույթ ունեցողների հետ «հարցերը լուծելու»

Պետրոսյանը հայտնեց, որ կալանավորված անձինք այսկերպ իրենց բողոքն են արտահայտում դատավարական պրոցեսների երկարաձգման դեմ:

«Խնդրում եմ արագ արձագանք իրավասու մարմինների կողմից, որպեսզի պարզվեն հացադուլի անցկացման պատճառները, հանգամանքները և տրվի արագ լուծում: Առավելևս, երբ հարցը վերբերում է այն անձանց, ովքեր ոչ թե դատապարտյալ են, այլ կալանավոր և նրանց ուղեկցում է անմեղության կանխավարկածի սկզբունքը»,- ասաց Պետրոսյանը:

Զոհրաբյանն էլ հավելեց, որ հարցին լուծում չտալու դեպքում հացադուլավորները ժամ առ ժամ ավելանալու են:
Պատգամավորը մեկ այլ ահազանգ ևս հաղորդեց, որն իրեն ուղղել են «Արմավիր» ՔԿՀ 12 դատապարտյալներ: Նրանք դժգոհում են ՔԿՀ-ում տիրող բարքերից ու սննդից:

«Անհասկանալի է, եթե ծնողներին թույլ չի տրվում հանձնուքի մեջ միրգ ու քաղցրավենիք բերել, այդ դեպքում ինչու են թույլ տալիս կալանավորին, որն ունի քարտ, ՔԿՀ կողքի բուդկայից նույն միրգն ու քաղցրավենիքը գնել»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Նախնական կալանքից 2 անձ ազատ է արձակվել. ՔԿՀ–ներում պայքարում են կորոնավիրուսի դեմ

Նա նշեց, որ կալանավորների ու դատապարտյալների հանձնուքներից միրգն ու քաղցրավենիքը հանում են՝ ասելով, որ նրանց սնունդի հետ միրգ հատկացվում է: Բայց, ըստ Զոհրաբյանի, խոսքը մեկ խնձորի մասին է, որը դատապարտյալներին բաժանվում է երեք օրը մեկ: