ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ կապված Վրաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է մինչև մայիսի 22-ը։ Sputnik Գրուզիայի փոխանցմամբ՝ այսօր ճեպազրույցի ժամանակ այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի վարչապետի օգնական Իրակլի Չիկովանին։
Վրաստանում մարտի 21-ին արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ Տասն օր անց երկրում պարետային ժամ է հայտարարվել, իսկ ապրիլի 17-ից արգելվել է առանց թույլտվության տեղաշարժվել մարդատար մեքենաներով։ Անցած շաբաթ արտակարգ դրության ռեժիմը երկարացվել էր մինչև մայիսի 10-ը։
«Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել ու նախագահին է դիմել արտակարգ դրությունը մինչև մայիսի 22-ը երկարացնելու համար», - ասել է Չիկովանին։
Որոշումն ուժի մեջ կմտնի նախագահի համապատասխան հրամանը հրապարակվելուց անմիջապես հետո։ Չիկովանին հայտնել է նաև, որ մարդատար մեքենաների տեղաշարժման արգելքը երկարացվելու է մինչև ապրիլի 27-ը։
Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը մոտենում է 2.5 միլիոնին
Բացառություն են կազմում բեռնատարները, մատակարարման ու առաքման ծառայությունների մեքենաները, թույլ է տրվում տեղաշարժվել պետական աշխատողներին ու հատուկ թույլտվություն ունեցող լրագրողներին։
Արտակարգ դրության ռեժիմը խախտելու համար ֆիզիկական անձանց համար 957 դոլարի չափով տուգանք է նախատեսվում, իսկ իրավաբանական անձանց համար այդ տուգանքը գրեթե 4,8 հազար դոլար է կազմում։ Այն կարելի է վճարել 30 օրվա մեջ կամ բողոքարկել արտակարգ դրության ռեժիմից հետո։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Այդ օրվանից մինչև ապրիլի 21-ը COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 408-ի։ Նրանցից 95-ն ապաքինվել են, չորսը՝ մահացել։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կրկին ավելացել է, այս անգամ`62–ով