Ռուսաստանում ՀՀ դեսպանության մի քանի աշխատակիցներ մեկուսացվել են

ՀՀ դեսպանության աշխատակիցներն օդանավակայանում շփվել են այն քաղաքացիների հետ, որոնց մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ռուսաստանում ՀՀ դեսպանության մի քանի աշխատակիցներ կարանտինում են, քանի որ շփվել են կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների հետ։ Տեղեկությունը հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

Հայաստանը ՄԱԳԱՏԷ–ից 2000 «միջուկային» թեստ կստանա

Ավելի վաղ Հայաստանի Հանրապետության 630 քաղաքացիներ Մոսկվա-Երևան երեք հատուկ չվերթով վերադարձել էին հայրենիք։ Թռիչքները կազմակերպվել էին Ռուսաստանում ՀՀ դեսպանության ջանքերով, իրականացրել էր Red Wings ավիաընկերությունը:

«Մեր գործընկերներից մի քանիսը մեկուսացված են, քանի որ նրանց աշխատանքը կապված է անմիջական շփումների հետ: Մեկուսացման պատճառը եղել են այդ անմիջական շփումները, երբ Հայաստան վերադառնալիս պարզվել է, որ մեր հայրենակիցներից ոմանք վարակված են։ Ես հորդորում եմ արտերկրում գտնվող մեր քաղաքացիներին, որ չթաքցնեն կորոնավիրուսին բնորոշ իրենց ախտանիշները, անգամ եթե չունեն ախտանիշներ, բայց վարակված են տան անդամները, թող ասեն այդ մասին։ Դա բխում է ոչ միայն դեսպանատան աշխատակիցների, այլև բոլորի շահերից», - ասաց Ադոնցը:

Փոխնախարարը նշեց, որ դեսպանության աշխատակիցների մոտ կորոնավիրուս դեռ չի ախտորոշվել:

Ավելի վաղ Ադոնցը նշել էր, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը առաջիկա օրերին կոնկրետ քայլեր կձեռնարկի Հայաստանի քաղաքացիներին Մոսկվայից վերադարձնելու համար:

Նշենք, որ ՀՀ մի շարք քաղաքացիներ օրեր շարունակ չեն հեռանում Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից: Նրանք հրաժարվում են հետևել դեսպանատան ցուցումներին և չեն ընդունում հյուրատներ տեղափոխվելու առաջարկը ՝ նախընտրելով մնալ օդանավակայանում: Քաղաքացիները հրաժարվում են նաև դեսպանատան տրամադրած սննդից: