ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. ՌԴ-ում ՀՀ դեսպանության 7 աշխատակից է մեկուսացվել կորոնավիրուսի կասկածանքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։
«ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցների կորոնավիրուսով վարակվելու հնարավոր դեպքը կարող է տեղի է ունեցած լինել «Դոմոդեդովո» օդանավակայանում աշխատանքներ իրականացնելու ժամանակ»,–ասաց դեսպանը։
Անդրադառնալով «Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիների թեմային` Տողանյանն ասաց, որ Մոսկվայից դեպի Երևան այս շաբաթ նախատեսվում է մի քանի թռիչք, իսկ թե որ օրերին կլինեն դրանք` Տողանյանը դժվարացավ պատասխանել։ Նա հայտնեց նաև, որ վերջին մեկ տարվա տվյալներով` Ռուսաստանում 300 հազար ՀՀ քաղաքացի է գտնվում։ Այդ քաղաքացիներից 3000-ը վերջին մեկ ամսվա ընթացքում հերթագրվել և ցանկանում են Հայաստան վերադառնալ:
ՌԴ–ից Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնածների մեջ կան նաև զորակոչի ենթակա անձինք։
Նշենք, որ այսօր ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հայտնեց, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանության մի քանի աշխատակիցներ կարանտինում են, քանի որ շփվել են կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների հետ։
Տողանյանը հայաստանցիներին հորդորում է լքել «Դոմոդոդովոյի» տարածքն ու գնալ հյուրատներ
Հիշեցնենք, որ մոտ 135 ՀՀ քաղաքացիներ գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նրանք հրաժարվել էին հետևել դեսպանատան ցուցումներին և չէին ընդունել հյուրանոցներ տեղափոխվելու առաջարկը ՝ նախընտրելով մնալ օդանավակայանում: Քաղաքացիները հրաժարվել էին նաև դեսպանատան կողմից տրամադրվող սննդից: