Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից. հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը

«Հանրային հեռուստաընկերության» լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը «Հանրային հեռուստաընկերության» հետ կատարված միջադեպի առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ` հայտնելով նաև գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին։

Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականից հետո էլ Հանրայինի փոթորիկը չի հանդարտվում

«Խորհուրդը «Հանրային հեռուստաընկերության» գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել «Հանրային հեռուստաընկերության» ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։ Իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։ Առաջիկայում Խորհուրդը կձևավորի մրցութային հանձնաժողով և կհայտարարի մրցույթ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնի համար:

«Հակաբարոյական է». ՀՀ ՄԻՊ–ն անդրադարձել է Փաշինյանի ոչ եթերային կադրերը տարածելուն

Խորհուրդն իր ափսոսանք է հայտնում ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակման ընթացքում տեղի ունեցած միջադեպի համար։ Միաժամանակ Խորհուրդն իր գնահատանքն է հայտնում Մարգարիտա Գրիգորյանին՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնում արդյունավետ, պրոֆեսիոնալ և անձնվեր աշխատանքի համար։

Հիշեցնենք` ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ուղերձ հղեց ժողովրդին, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվեցին ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։

Երբ խոսափողը միացրած է, կամ ուղիղ եթերի վտանգավոր կողմը

Մոնտաժված տեսանյութում Փաշինյանին փորձել էին ներկայացնել ծաղրական կերպարում։ Տեսանյութը բուռն քննարկման թեմա դարձավ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այն անձինք, որոնք պատասխանատու են եթերից առաջ նկարահանված կադրերը հանրայնացնելու հարցում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դրան հաջորդեց Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի` աշխատանքից ազատման դիմում ներկայացնելը։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր Facebook–ի էջում անդրադառնալով այս թեմային, մեղադրել էր Հանրային հեռուստատեսությանը` նշելով, որ պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է, որ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից բացառապես վայրկյաններ, այլ ոչ 5,10,15 կամ 20 րոպե առաջ։

Ինչպե՞ս են Փաշինյանի ուղերձի տեխնիկական փորձի կադրերը հայտնվել համացանցում․ ո՞վ է մեղավոր

Նշենք նաև, որ Պետրոս Ղազարյանը Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն է նշանակվել 2018–ին։ Մինչ այդ` 2003-2018 թթ. «Կենտրոն» հեռուստաալիքում վարել է հեղինակային «Ուրվագիծ» հաղորդումը, 2008-2012թթ. ղեկավարել է հեռուստաընկերության լրատվական բաժինը: