Ո՞վ է ի վերջո արտահոսքի հեղինակը. մեղադրվող հեռուստաընկերությունները հերքում են իրենց կապը

Վարչապետ Նիկոլ Փաշինյան տեսաուղերձի ոչ եթերային կադրերի տարածման շուրջ սկանդալը շարունակում է բորբոքվել: Սկանդալի մեջ ներքաշվում են հայկական այլ հեռուստաալիքներ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ովքե՞ր են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձի տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի մեղավորներն ու մոնտաժված ծաղրական հոլովակի հեղինակները: Հարցի պատասխանը որոնվում է նաև հայկական մեդիադաշտում:

Պետրոս Ղազարյանն ազատվել է աշխատանքից. հեռուստառադիոընկերության խորհրդի հայտարարությունը

«Հայկական ժամանակը» իր հոդվածներից մեկում նշել էր, թե լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝  «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը կադրերը փոխանցել էր «5-րդ ալիքի» տնօրեն Հարություն Հարությունյանին, որն էլ կազմակերպել էր հոլովակի պատրաստումն ու տարածումը:

Sputnik Արմենիայի թղթակցի հետո զրույցում Գեղամ Մանուկյանն իր հասցեին հնչած մեղադրանքը մեկ բառով` «հիմարություն» անվանեց:

«Սա իրենց պատկերացրած լրագրությունն է, որ առանց ինչ-որ բան ճշտելու կարող են գրել: Տարիներ շարունակ այդպես էլ աշխատել են»,- վրդովված ասաց Մանուկյանը: Իսկ Հարություն Հարությունյանն էլ ոչ միայն հերքեց մեղադրանքները, այլև նշեց, որ մտածում է հարցը դատարանում վիճարկելու մասին:

«Հակաբարոյական է». ՀՀ ՄԻՊ–ն անդրադարձել է Փաշինյանի ոչ եթերային կադրերը տարածելուն

«Ես չեմ կարող իրենց պես հորինել, ասել, որ կառավարության կայքից վերցրել են, կառավարության կայքն էլ է ստացել «լայվը», և իրենք իրենց հարցերը կարգավորելու կամ լուծելու համար այս տեսակի բան են արել: Ես մեկնաբանելու բան չունեմ: Հիմա մտածում եմ՝ վիճարկել դատարանում, թե չվիճարկել»,- ասաց  Հարությունյանը:

Նշենք, որ Հարություն Հարությունյանը մինչև Պետրոս Ղազարյանի նշանակումը որոշ ժամանակ զբաղեցրել է Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական ծրագրերի տնօրենի պաշտոնը:

Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականից հետո էլ Հանրայինի փոթորիկը չի հանդարտվում

Հիշեցնենք` ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ուղերձ հղեց ժողովրդին, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվեցին ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։Մոնտաժված տեսանյութում Փաշինյանին փորձել էին ներկայացնել ծաղրական կերպարում։