Մարգարիտա Գրիգորյանի հրաժարականից հետո էլ Հանրայինի փոթորիկը չի հանդարտվում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի ոչ եթերային կադրերի տարածման շուրջ ծավալված սկանդալը դեռ չի մարել: Հանրային հեռուստաընկերությունում նոր հրաժարականներ են սպասվում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմում նոր փոփոխություններ կլինեն: Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհուրդն այսօր կեսօրին նիստ է գումարելու, և օրակարգում լինելու են խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հրաժարականի և հեռուստաընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման հարցերը:

Երբ խոսափողը միացրած է, կամ ուղիղ եթերի վտանգավոր կողմը

Հիշեցնենք` վարչապետի ոչ եթերային կադրերի տարածման պատճառով արդեն աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն ու ստեղծագործական հարցերով տնօրեն Վարդան Հակոբյանը: Վերջինիս աշխատանքից ազատվելու լուրից հետո համացանցում ֆլեշմոբ է սկսվել: Օգտատերերը տարածում են #ՄենքRec ենք հեշթեգը: Նշենք, որ Վարդան Հակոբյանը հեռուստաընկերությունում է 2013 թվականից: Նա աշխատանքի է ընդունվել որպես տեխնիկ, ապա դարձել ադմինիստրատոր, դրանից հետո հեռուստաարտադրական ծառայության ղեկավար, ապա՝ 25 տարեկանում նշանակվել ստեղծագործական հարցերով տնօրեն: Նա դերասան Արթուր Հակոբյանի որդին է:

Sputnik Արմենիայի աղբյուրի փոխանցմամբ՝ Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքից ազատվելու նոր դիմումներ են սպասվում, մասնավորապես` հասարակայնության և արտաքին կապերի բաժնի պետ Տիգրան Դանիելյանի, ծրագրերի տնօրեն Թերեզա Քարիմյանի, մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Նազելի Նիկողոսյանի: Սպասվում է նաև լրատվական և վերլուծական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանի հրաժարականը: Ըստ տեղեկությունների՝ նրան այդ պաշտոնում կփոխարինի «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կառլեն Ասլանյանը:

Հիշեցնենք` ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի թեմայով ուղերձ հղեց ժողովրդին, իսկ ապրիլի 18-ին համացանցում հայտնվեցին ուղերձի նախապատրաստական փուլից մինչև ուղիղ եթեր մտնելու կադրերը։ Մոնտաժված տեսանյութում Փաշինյանին փորձել էին ներկայացնել ծաղրական կերպարում։

Տեսանյութը բուռն քննարկման թեմա դարձավ։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այն անձինք, որոնք պատասխանատու են եթերից առաջ նկարահանված կադրերը հանրայնացնելու հարցում, պետք է պատասխանատվության ենթարկվեն։

«Նա, ով  չարաշահել է «թավիշը», պետք է դուրս շպրտվի». Փաշինյան