Կորոնավիրուսի բռնկման նոր օջախ է գրանցվել. Վարդենիսում խիստ կանոններ են սահմանվում

Վարդենիսի հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի արդյունքը դրական է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում վաղվանից սահմանափակումներ են կիրառվելու։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Գնել Սանոսյանը։

«Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցվել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ, և այս պահի դրությամբ ունենք 39–ի հաստատված դեպք՝ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն` Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Որոշման համաձայն` արգելելվում է անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ Սահմանափակումները ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչև, 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը։

«Հավելեմ նաև, որ մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի աշխատակցի մոտ։ Այդ օրվանից բուժհաստատությունը չի գործում։ Այսօրվանից սահմանափակվում է նաև «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ–ի աշխատանքը։ Գործում է միայն շտապօգնության ծառայությունը, և հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում է իրականացվում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյունք է գրանցվել»,– նշել է մարզպետը։

«Սա՞ էր կորոնավիրուսը». նախագահը կոչ է արել իրականության աչքերին ուղիղ նայել

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասն ինքնամեկուսացած է, մյուս մասը` մեկուսացված։

Սանոսյանը խնդրել է զերծ մնալ չփաստարկված հայտարարություններ և բամբասանքներ տարածելուց, խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ խիստ կանոններ են սահմանվել նաև Շիրակի մարզի Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերում։

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1401 դեպք, որոնցից 609-ն` առողջացած, 24-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 768 մարդ:

«Իրավունք չունենք զգոնությունը կորցնելու». Թորոսյանին մտահոգում են կորոնավիրուսի տեմպերը