ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. Կենտրոնական բանկը երկու նոր հուշադրամ է թողարկել՝ «Գևորգ Չավուշ» և «Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակ»:
«Գևորգ Չավուշ» հուշադրամի դիմերեսին պատկերված են վահան և թուր՝ արևի շողերի ֆոնին, դարձերեսին` հայ հայդուկներին նվիրված հուշարձանախմբից (քանդակագործ` Յու. Մինասյան) հատված` Գևորգ Չավուշի դիմաքանդակի նախօրինակը, և թրով արծիվ:
Հուշադրամն արծաթից է, 33,6 գ, 1000 դրամ անվանական արժեքով:
Գևորգ Չավուշը (Գևորգ Ղազարյան, 1870 - 1907 թթ.) հայ ազատագրական շարժման հերոս է, ֆիդայի:
Չավուշը Արևմտյան Հայաստանում թուրքական վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ:
Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշադրամի դիմերեսին պատկերված է «Մայր Հայաստան» հուշարձանը և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանը, դարձերեսին` վահան և Գեորգիևյան ժապավեն։
Հուշադրամն արծաթից է, 67,2 գ քաշով, 75 դրամ անվանական արժեքով:
Մեծ հայրենականը (1941 թ. հունիսի 22 – 1945 թ. մայիսի 9) ԽՍՀՄ ժողովուրդների պատերազմն էր ֆաշիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ, Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945 թթ.) կարևորագույն և վճռական մասը:
ԽՍՀՄ զինված ուժերի հրամանատարական կազմում կային 60-ից ավելի հայ գեներալներ և ծովակալ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ: Նրանց շարքերում էին բանակի գեներալ Հ. Բաղրամյանը (հետագայում՝ ԽՄ մարշալ), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հ. Իսակովը, ավիացիայի մարշալ Ս. Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Հ. Բաբաջանյանը (հետագայում՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ), գեներալներ Մ. Պարսեղովը, Ս. Գալաջևը, Ս. Մարտիրոսյանը, Հ. Մարտիրոսյանը, Ն. Սաֆարյանը, Ա. Կարապետյանը, Հ. Թումանյանը, Բ. Առուշանյանը և շատ ուրիշներ:
RT–ն Հայրենական մեծ պատերազմին նվիրված նախագիծ է գործարկում. տեսանյութեր