«Դոմոդեդովոյում» մնացած ՀՀ քաղաքացիներն առաջիկա օրերին կվերադառնան հայրենիք․ փոխնախարար

Գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիները վերադառնան հայրենիք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Առաջիկա օրերին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոնկրետ քայլեր կձեռնարկի Հայաստանի քաղաքացիներին Մոսկվայից վերադարձնելու ուղղությամբ: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ այս տեղեկությունը հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե ԱԳՆ–ն ի՞նչ տեղեկություններ ունի «Դոմոդեդովո» օդանավակայանում տիրող իրավիճակի մասին, և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։

Նախարարի տեղակալը հիշեցրեց, որ Մոսկվա-Երևան ուղղությամբ արդեն 3 հատուկ չվերթ է կազմակերպվել: Թռիչքներ են իրականացվել նաև Ռոստովից և Կրասնոդարից:

«Այդ գործընթացները շարունակվելու են, մինչև բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն Հայաստան վերադառնալու ցանկություն, չվերադառնան հայրենիք: Որևէ մեկը չի մոռացվել: Մենք տեղյակ ենք, թե ինչ է տեղի ունեցել «Դոմոդեդովո» օդանավակայանում, մենք տեղյակ ենք առաջին պահից, և մենք մեր հայրենակիցներին վերադարձնելու համապատասխան բոլոր գործողություններն անելու ենք և հատկապես Մոսկվայից վերադարձողների համար համապատասխան քայլերը կիրականացնենք մոտ օրերս», - վստահեցրեց Ադոնցը:

Նա հավելեց, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեր հայրենակիցների համար տրամադրել է ժամանակավոր կացարաններ, և նրանք օդանավակայանում մնալու կարիք չունեն։

Տողանյանը հայաստանցիներին հորդորում է լքել «Դոմոդոդովոյի» տարածքն ու գնալ հյուրատներ

Ադոնցը հորդորեց հետևել տեղական իշխանությունների կարգադրություններին և կապի մեջ լինել ՀՀ դեսպանության հետ:

«Առաջիկա օրերին թռիչքներ կլինեն Ռուսաստանի քաղաքներից` ներառյալ Մոսկվայից», - ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ 135 ՀՀ քաղաքացիներ գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում: Նրանք հրաժարվել էին հետևել դեսպանատան ցուցումներին և չէին ընդունել հյուրանոցներ տեղափոխվելու առաջարկը ՝ նախընտրելով մնալ օդանավակայանում: Քաղաքացիները հրաժարվել էին նաև դեսպանատան կողմից տրամադրվող սննդից: