ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումներն Արցախի օդային տարածք մտնող ադրբեջանական անօդաչու թռչող սարք են խոցել: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
«ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները գրագետ գործողությունների արդյունքում՝ ժամը 13:07-ի սահմանում խոցել են ադրբեջանական «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախարարությունը միաժամանակ հայտնում է, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծին հարակից տարածքներում հակառակորդի օդային ուժերի կողմից իրականացվող թռիչքները, որոնք կրում են ինչպես ուսումնավարժական, այնպես էլ հետախուզական բնույթ:
Հատկանշական է, որ նշված գործողություններում, բացի տարբեր տեսակի մարտական ինքնաթիռներից և ուղղաթիռներից, ներգրավվում են նաև անօդաչու թռչող սարքեր, որոնք ի տարբերություն առաջինների, հաճախ փորձում են հետախուզական նպատակներով ներթափանցել Արցախի օդային տարածք: Այդօրինակ փորձերից մեկն էլ տեղի ունեցավ այսօր՝ ապրիլի 21-ին:
Մնացականյանը մեկնաբանել է Լավրովի` Արցախի մասին հայտարարությունը
ԱՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հորդորում է ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ սադրիչ քայլերից ու նաև հավաստիացնում, որ ցանկացած նախահարձակ գործողություն ստանալու է արժանի պատասխան:
Նախարարությունն անօդաչու թռչող սարքի բեկորների լուսանկարները կհրապարակի ավելի ուշ:
Ուշագրավ է այն հանգամանքը, որ այժմ ընթանում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդության և մասնակցությամբ: