«Սպեկուլյանտ» Գագոն ու «սեքսի» Արփիկը, կամ ինչն է միավորում մարդկանց ու Երևանի փողոցներին

Թե ինչպիսին էր Երևանը տասնամյակներ առաջ՝ այսօր քչերն են հիշում։ Սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը որոշել է պատմել երևանյան այն վայրերի մասին, որտեղ ապրել է մի քանի տասնամյակ։ Դրանցից մեկը Մաշտոցի պողոտան է, որը նախկինում հայտնի էր Ստալինի, հետո նաև Լենինի անունով։
Sputnik

Երևան ժամանել և չքայլել Մաշտոցի պողոտայում, պարզապես անհնար է։ Երևանից մեկնել և մոռանալ այն` ևս։ Բազմազան փոփոխությունների ենթարկված քաղաքում, այս պողոտան, թերևս, միակ վայրն է, որը ճարտարապետական առումով պահպանել է նախկին տեսքը․ 24 շենքը, որտեղ ես ապրում էի, նույնպես չի փոփոխվել։ Այստեղից  էլ կսկսեմ շարադրանքս։

Ռուսերեն ու գերմաներեն հայհոյող և հայերեն խոսող «գուշակ» թութակը. կյանքը հին Երևանում

Այն կառուցվել է անցած դարի 50-ականներին։ Կառուցումից հինգ, կամ գուցե, նաև վեց տարի անց, ստալինյան ճարտարապետության ոգով Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ կառուցված այս շենքի երեք շքամուտքերն արդեն գրեթե ամբողջությամբ բնակեցված էին։

Ես ամենաշատը տպավորված էի շենքի տակ գտնվող «Ջրերի» խանութի պատկերազարդ առաստաղով, որի վրա պատկերված էր երևանյան կիզիչ երկինքը, իսկ խանութի վաճառողուհին՝ ժամանակակից լեքսիկոնով ասած՝«սեքսի» Արփիկը, անկրկնելի «կրեմ–սոդա» և այլ զովացուցիչ ըմպելիքներ էր վաճառում։ Խանութի ներսում գտնվող «երևանյան երկնքի» տակ լիմոնադ խմելու ցանկություն ունեցողները շատ էին․նրանք խանութում բավական երկար էին մնում։

Սեքսով համեմված գեղարվեստական լուծումները խթանում էին ապրանքաշրջանառությունը և խանութը, որտեղ հյութեր, հանքային ջուր, այնուհետև նաև գարեջուր էին վաճառում առաջատար դիրք էր զբաղեցնում։

Շուտով «անթառամ» Արփիկին տեղափոխեցին նույն «Պրոսպեկտի» վրա գտնվող «Ջրեր–հյութեր» խանութ՝ «Կոզիրյոկ» սրճարանի կողքին։ Եվ ի՞նչ․ 24 շենքն անմիջապես զրկվեց նախկին հմայքից։

… Եթե փակ շուկայի կողմից մտնեք «Պրոսպեկտ» և անցնեք Ժամանակակից արվեստի թանգարանն ու ձախ թեքվեք, կհայտնվեք Մայիսյան փողոցում, որը կարծես լրացնում է «Պրոսպեկտին»։  Այն նվազ գրավիչ կլիներ, եթե այստեղ չգտնվեր փողոցային երթևեկության կարգավորման բաժինը` ժամանակակից Ճանապարհային ոստիկանության այսպես կոչված «նախահայրը»։

Հիմա Մայիսյան փողոցից մի քիչ առաջ անցնենք, որտեղ գտնվում էր Երևանում ամենահայտնի «կոմիսիոնը»։

«Պրոսպեկտի» վրա գտնվող «կոմիսիոնկան» ոչ այնքան առևտրի կենտրոն էր, որքան խորհրդային մարդու կենսակերպին վայել օջախ։

«Կոմիսիոնկայի» վաճառողների հետ անձնական ծանոթությունը երևանաբնակներից շատերի համար նույնպես պարտադիր էր և նույնքան կարևոր էր, որքան Կինոյի տան տնօրենի (փակ դիտումների այցետոմս), երգիչ Ժան Թաթլյանի (այն տարիների հանրահայտ կատարող) կամ, ասենք, ՆԳՆ վիզաների և գրանցումների բաժնի պետի (մուտքի թույլատվության տրամադրում) հետ ծանոթությունը։ Կոմիսիոնի հիմնադիրների դեմքերը մնացին նաև իմ հիշողության մեջ․ տարիներ անց նրանցից մեկին հանդիպեցի հեռավոր Ամերիկայում։

… Գագոն Երևանին հրաժեշտ է տվել մոտ քսան տարի առաջ։ Տեղավորվել է Միչիգանում, բացել սեփական ոսկերչական խանութը։ Շատ լավ է ապրում, ոչ մի բանի կարիք չունի։

– Մասնագիտությամբ ո՞վ ես, – կարգավիճակս պարզելիս լարվեց Գագոն։

– Լրագրող եմ։  Իսկ դո՞ւ։

– Իսկ ես «սպեկուլյանտ» եմ։

Պատանեկությունից մինչև արդեն հասուն տարիքում Ամերիկա տեղափոխվելը, Գագոն հագուստի, կոշկեղենի և այլ շքեղության բացառիկ ապրանքներով էր ապահովում երևանյան ողջ վերնախավին։ Մի գնով գնում էր, մեկ այլ գնով` ավելի թանկ, վաճառում։

–Իսկ ճի՞շտ է, – հարցրեց Գագոն, – որ  Հայաստանում էլ դեֆիցիտ չկա։

– Ճիշտ է։

–Մոսկվայո՞ւմ էլ։

–Մոսկվայում առավելևս։

– Այսինքն՝ այս ամենը (նայելով ձեռքի «Ռոլեքս» ժամացույցին) կարելի է հանգիստ գնե՞լ։

–Հեշտությամբ։

Գագոն մտորումների մեջ ընկավ ու լռեց։ Կարծես՝ տխրեց։

... 50-ականներին «Պրոսպեկտի» երկրորդ կեսը (կամ առաջին, նայած, որ կողմից եք մոտենում) կարելի էր Երևանի գլխավոր փողոցի մշակութալուսավորչական գոտի համարել։ Մատենադարանի մերձակայքում էին գտնվում «Նոտաներ» խանութն ու Կոնսերվատորիան, «Նաիրի» կինոթատրոնը, Արվեստի գործիչների տունը,  «Արտիստիչսկիյ» գաստրոնոմը և «Սկվոզնյաչոկ» բոհեմային սրճարանը։ Այդ շարքին կարելի էր դասել նաև ուսանողական հանրակացարանը։

«Սիրում եմ Երևանը, որն արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները». Պիոտրովսկի

Այսպիսով, «Պրոսպեկտի» առաջին (կամ երկրորդ) հատվածը ոչ միայն ներկայացնում էր, այլև ձևավորում երևանցիների գեղարվեստաինտելեկտուալ, իսկ եթե ավելի ընդարձակ վերցնենք, ապա նաև ամբողջ Հայաստանի էլիտան։ Բավական է միայն նայել Արվեստի գործիչների տան բնակելի շենքի պատերին եղած ականավոր գործիչների հուշատախտակներին, և հասկանալի կդառնա, որ ավելի լավ է հիշել և նայել, քան նայել և հիշել։

Իսկ անցած դարի 60-ականներին կարելի էր պարզապես նայել։ Ամառային երեկոներին «Պրոսպեկտով» զբոսնում էին Երվանդ Քոչարը, Գեղամ Սարյանը, Հովհաննես Շիրազը և այլ հայտնիներ, իսկ մեզ` այն ժամանակվա ուսանողներիս համար առավել մեծ հետաքրքրություն էր ներկայացնում Երևանի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Նաղուշ Հարությունյանը, որն ինչ–որ մեկի ընկերակցությամբ քայլում էր, և նրանք ևս անտարբեր չէին անցնում «Ջրեր–հյութեր» խանութի կողքով, քանի դեռ այնտեղ աշխատում էր «սեքս–դիվա» Արփիկը։

Ակնդետ ուսանողներին այս փաստը մասնավորապես վստահեցնում էր, որ ակադեմիկոսներին էլ բնորոշ են հասարակ մահկանացուների հատկություններ։

Միմյանց լավ ճանաչող այդ մարդիկ եթե հանկարծ դեմդիմաց էին ելնում, ապա գլխարկը վեր էին բարձրացնում և քաղաքավարի գլուխ խոնարհում։ Երբեմն նաև զրուցում էին․․․

Իսկ զբոսնողների կամ պարզապես անցորդների գլխավերևում վեր էր խոյանում Ստալինի հուշարձանը, որը հանկարծակի անհետացավ․ մի օր երևանցիներն արթնացան և տեսան, որ այն տեղում չէ։ Տարածքը դատարկ մնաց այնքան ժամանակ, մինչև պատվանդանին չբարձրացավ անսասան և արդեն հավերժ կանգուն Մայր Հայաստանը։

... Եթե տարիներ շարունակ ամեն առավոտ դուրս ես գալիս հարազատ փողոց և քայլում այնտեղով, սկսում ես բոլորին դեմքով ճանաչել, և դա փոխադարձ է։ Միայն մի բան է վատ. ճանաչում ես, բայց շարունակություն հաճախ չի լինում․․․Այստեղ մեջբերեմ Սանկտ Պետերբուրգից մի պոետի՝ Վալենտինա Լելինայի խոսքերը, որն իր քաղաքի մասին մի շատ լավ գիրք է գրել։

–Մի պետերբուրգցի պատմում էր՝ ինչպես մի օր հանկարծ նկատեց, որ ինքն ամեն առավոտ նույն մարդկանց հետ կանգառում տրամվայի է սպասում, այնուհետև նույն մարդկանց հետ «Կուպչինո» մետրոյի կայարանից հասնում է «Գորկովսկայա» կայարան և նույն ժամին գետնանցումում հանդիպում բուժծառայության լեյտենանտին։ Նա այդ մասին գիտակցեց այն ժամանակ, երբ նկատեց, որ վերջինս ավագ լեյտենանտ է դարձել։ Այնուհետև` կապիտան։ Եվ արդեն ուզում էր կանգնեցնել նրան ու ասել. «Շնորհավորում եմ, բարեկա՛մ։ Քանի տարի է ամեն առավոտ այս անցումում ենք հանդիպում...» Բայց այդպես էլ չասաց։ Ե՛վ տարօրինակ է, և՛ տխուր, – գրում է Լելինան։

Պոետի այս խոսքերը, այո, և՛ տարօրինակ են, և՛ տխուր, նաև ուսուցողական՝ բոլոր ժամանակների համար․․․