Պաշտպանական ոլորտի բարեփոխումների հանձնախումբը կգլխավորի Արմեն Գրիգորյանը

ՀՀ վարչապետը հաստատել է Պաշտպանական ոլորտի բարեփոխումների միջգերատեսչական հանձնախմբի կազմն ու գործունեության կարգը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնելու, այդ թվում՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ստեղծվող միջգերատեսչական հանձնախումբ ստեղծելու մասին որոշումը: Տեղեկությունը Facebook-ում հայտնել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ հանձնախմբի կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին որոշմամբ ինքը նշանակվել է հանձնախմբի ղեկավար:

«Որոշման համաձայն՝ ղեկավարելու եմ պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբը: Հանձնախմբի նպատակն է ՀՀ պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարե­փոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը»,- գրում է Գրիգորյանը:

Հանձնաժողովի կազմում են նաև ՀՀ ՊՆ, ԱԱԾ, ոստիկանության, գլխավոր դատախազի, ՔԿ-ի, ՀՔԾ-ի, ԿԳՄՍ, արդարադատության ու առողջապահության նախարարների տեղակալները: