«Մարտի կեսերից առ այսօր Հայաստան են վերադարձել մոտ 22․000 ՀՀ քաղաքացիներ»․ փոխնախարար

Արտաքին գործերի նախարարության գլխավոր խնդիրն այժմ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների առողջապահական անվտանգության ապահովումն է ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի – Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց, որ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին ժամանակավոր կեցավայրով ապահովելը նախարարության կարևորագույն խնդիրներից է։

Դեպի Երևան չվերթ դեռ չի լինի. դեսպանատան խորհրդականը` Դոմոդեդովոյում տիրող իրավիճակի մասին

«Նախարարության առաջնահերթություններից է արտերկրում գտնվող մեր քաղաքացիների առողջապահական անվտանգության, անհրաժեշտության դեպքում ժամանակավոր կեցավայրերով ապահովումը։ Մարտի կեսերից մինչ այսօր Հայաստան են վերադարձել մոտ 22․000 ՀՀ քաղաքացիներ։ Լինում են օբյեկտիվ պատճառներ, որոնց պարագայում այս կամ այն թռիչքը չի կայանում կամ հետաձգվում է»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԳն իրականացվող աշխատանքները կարելի է բաժանել 3 հիմնական ուղղությունների՝ Հայաստան վերադարձնել այն ՀՀ քաղաքացիներին, որոնք գտնվում են արտերկրում և ուզում են վերադառնալ հայրենիք, համակարգել բեռնափոխադրումների անխափան աշխատանքը, համագործակցել միջազգային գործընկերների հետ, որի արդյունքում Հայաստան են բերվում անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, պարագաներ։

Ե՞րբ մեր հայրենակիցները կկարողանան ՀՀ վերադառնալ․ պարետատունը ժամկետներ է նշել

Նրա խոսքով՝ արտերկրում աշխատող ավելի քան 200 հայ դիվանագետներ, անում են հնարավորը, որպեսզի մեր հայրենակիցները չհանդիպեն դժվարությունների։

Ադոնցը հորդորեց արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիներին հետևել Հայաստանի դեսպանությունների, հյուպատոսարանների խորհուրդներին։