Ապրիլի 24–ին «Ավրորան» առցանց քննարկում կանցկացնի

Այս տարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հերոսների անունները չեն հնչի ինչպես միշտ` «Մատենադարանից». դրանք հայտարարելու այլ ձև են գտել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի — Sputnik. Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կանցկացնի առցանց քննարկում, որի ընթացքում կհայտարարվեն նաև 2020 թ. «Ավրորայի» հերոսների անունները։

Ավրորա Մարդիգանյանի ծառուղի. ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ

«Քննարկումը տեղի կունենա Futures Studio քննարկումների հարթակում, որը կվարի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը: Առցանց քննարկման բանախոսներն են նախաձեռնության համահիմնադիրներ Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը և Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին, «Խաղաղության տան» (Maison Shalom) հիմնադիր և «Ավրորա» մրցանակի առաջին` 2016 թ-ի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն»,–նշված է հաղորդագրության մեջ։

2020 թ. ապրիլի 24-ի առցանց միջոցառումը բաց է բոլորի համար: Քննարկումը տեղի կունենա անգլերեն․ կապահովվի հայերեն և ռուսերեն թարգմանություն: Zoom հարթակի հղում ստանալու համար մասնակիցները պետք է գրանցվեն կամ կարող են քննարկումը դիտել Facebook-յան ուղիղ հեռարձակմամբ:

«Իմ սիրտը հայի է». օտար կանայք, որոնք հայ որբերին մայրեր դարձան. մաս 1–ին

Ապրիլի 24-ը միշտ էլ առանձնահատուկ է եղել բոլոր հայերի համար, բայց այս տարի այն հատկապես ուշագրավ է, քանի որ լրանում է Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցը և Հոլոքոստի 75-րդ տարելիցը, ինչպես նաև «Ավրորայի» 5-ամյակը:

Աչքերում ցավ է ու հույս․ «Ավրորայի» մրցանակակիր Միրզա Դինային կշարունակի փրկել աշխարհը

Հիշեցնենք, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023 թթ.՝ ի հիշատակ ութ տարի տևած 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության) աջակցել մարդկանց, որոնք, վտանգելով իրենց կյանքը, կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր և աղքատ մարդկանց կյանքը: Այն իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր և 100 LIVES ծրագիր:

«Ավրորան» Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ և գործընկերներ։