Ռուսաստանում գտնվող 3 անչափահաս երեխաներին հաջողվել է վերադարձնել Հայաստան՝ մոր մոտ

Հյուպատոսության ավտոմեքենայով երեխաներին տեղափոխել են Մոսկվա, որտեղ նրանց դիմավորել են ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները և ճանապարհել Հայաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: 

«Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբոր երեք անչափահաս երեխաների (16, 14 և 10 տարեկան) տեղափոխումը Հայաստան կազմակերպելուն աջակցելու հարցով։ Նա տեղեկացրել է, որ երեխաները գտնվում են Ռուսաստանի Դաշնության Վիբորգ քաղաքում ազգականների տանը, իսկ կարճ ժամանակով Հայաստան ժամանած երեխայի մայրը սահմանափակումների պատճառով չի կարողանում մեկնել երեխաների մոտ»,-գրել է Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկել է ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հյուպատոսության ներկայացուցիչների հետ Վիբորգից Մոսկվա քաղաք և Մոսկվայից ապրիլի 12-ին նախատեսվող չվերթով անչափահաս երեխաներին Հայաստան ճանապարհելու հարցով։

Առաջին զբոսաշրջիկներին կդիմավորեն ինչպես տիեզերագնացների. կարանտինն ու տուրիզմը

Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունից կապ են հաստատել Պաշտպանի աշխատակազմի հետ և տեղեկացրել, որ հյուպատոսության ավտոմեքենայով իրենք երեխաներին կտեղափոխեն Մոսկվա, որտեղ երեխաներին կդիմավորեն ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները և կճանապարհեն Հայաստան։

Համագործակցության արդյունքում երեխաներն արդեն Հայաստանում են։

Հիշեցնենք՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով փակ են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի օդային սահմանները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։